Հասարակություն

ԿԳ նախարարը եղել է ՀՀ տնտեսագիտական համալսարանում

sonahakobyan
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան: Բուհում շրջելուց հետո, նախարարը ծանոթացել է նաև բուհում գործող Բրիտանական բիզնես դպրոցի կրթական ծրագրերին և հնարավորություններին: Նախարարը նկատել է, որ բուհում բարեկարգման աշխատանքներ են իրականացվել, արդիականացվել կրթական գործընթացը, թվայնացվել գրադարանները՝ ուսանողների համար ապահովելով առավել ժամանակակից կրթական հնարավորություններ: Նախարարը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաև ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում կրթական հաստատություններում իրականացվող և իրականացվելիք միջոցառումներին:

 

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը տարվա ընթացքում պարբերաբար այցելում է հայաստանյան տարբեր բուհեր՝ ծանոթանալու ինչպես ուսումնական գործընթացներին, այնպես էլ բուհի զարգացման ծրագրերին: Հերթն այս անգամ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանինն էր: Բուհում շրջելուց և կրթական արդիական հնարավորություններին ծանոթանալուց  հետո, նախարարն այցելեց նաև բուհում գործող նորաբաց Բրիտանական բիզնես դպրոց: Այս դպրոցն , ի դեպ,  Հայաստանում արդեն 2-րդն է իր տեսակի մեջ, որը տալով կիրառական տնտեսական գիտելիքներ, կրթությունն իրականացնում է բացառապես անգլիական կրթական չափանիշերով: Նախարարը կարծում է, որ կրթական այս ծառայությունը բավականին պահանջված է աշխատաշուկայում:

«Դպրոցը բացվել է անցյալ տարի, իրենից ներկայացնում է կիրառական մագիստրոսական ծրագրեր՝ 1.5 տարի տևողությամբ: Դասընթացներն իրականացվելու են բացառապես անգլերենով և շրջանավարտներին էլ դասընթացի ավարտին տրամադրվելու են անգլիական դիպլոմներ»:

Նախարարն անդրադարձավ նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ուսումնական հաստատություններում կրթական ծրագրերին: Նրա փոխանցմամբ բոլոր միջոցառումները մեկնարկելու են մարտի մեկից:

«Բոլոր դպրոցներում կազմակերպվելու է բաց դաս՝ ինչպես դասղեկների, այնպես էլ քաղաքական, հանրային և մշակույթի գործիչների կողմից, ովքեր իրենց ընկալումը կտան համահայկական այդ կարևորագույն փաստաթղթին: Կիրականացվի նաև «Պատմիր քո պատմությունը» ծրագիրը, որին մասնակցելու են բարձր դասարանների աշակերտները: Անպայման կլինի նաև անմոռուկների պատրաստման դաս և պատրաստված 1.5 մլն անմոռուկները կբաժանվեն այդ օրերին ցեղասպանության հուշահամալիր այցելողներին»:

Սեպտեմբերից նախատեսվում է նաև առհասարակ ամբողջ մարդկության դեմ իրականացվող ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված դասընթացների շարք:

Կարդացեք նաև

Back to top button