Քաղաքական

Թուրքական խա՞յծ, թե՞ իրականություն.Թուրքիայի իշխանությունների ընտրությունը` վատի ու վատթարագույնի միջեւ

karenghazaryan
Թուրքիայի կողմից անցկացվելիք Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի միջոցառումները չեղյալ հայտարարելու վերաբերյալ լուրին եւ այն հերքելու փաստին է այսօր անդրադարձել թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը: Թուրքագետը համոզված է, որ Թուրքիայի իշխանությունները հայտնվել են մի վիճակում, երբ, ժողովրդական խոսքով ասած, «Էշին նստելը մեկ այբ է, իջնելը՝ մեկ այլ այբ»: Այսուհետ Թուրքիայի իշխանությունների ընտրությունը կարող է լինել վատի ու վատթարագույնի միջեւ՝ նշել է թուրքագետը՝ հավելելով, որ  թուրքական իշխանությունները կհրաժարվեն Գալիպոլիի ճակատամարտի միջոցառումները Ապրիլի 24-ին անցկացնելու մտադրությունից, երբ հասկանան, որ վնասն ավելի մեծ է անելուց, քան չանելուց:

 

Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը նախ նկատեց, որ լուրը հրապարակվել էր անգլեալեզու «Թըդեյ Զաման» պարբերականում, որի տպաքանակը մեծ չէ: Չնայած լուրը շատ կարեւոր էր, սակայն որեւէ այլ թուրքական պարբերական այն այդպես էլ չարտատպեց՝ թեկուզ հղում տալով: Մի բան, ինչը սովորաբար տեղի է ունենում կարեւոր, հրատապ լուրերի պարագայում: Թուրքագետը նաեւ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ տվյալ լուրը Ստամբուլ նոր տեղափոխված ադրբեջանցի մի աղջնակի անվամբ էր հրապարակվել, ընդ որում՝ բավականին ծավալուն անդրադարձ էր կատարվել Հայոց ցեղասպանությանը:

Ամենակարեւորն էլ, ըստ թուրքագետի, այն է, որ «Թըդեյ Զաման»-ը Թուրքիայի ներկայիս իշխանությունների թիվ մեկ ներքաղաքական թշնամի Ֆեթուլահ Գյուլենին է պատկանում: Անդրանիկ Իսպիրյանը համոզված է, որ սա էլ հենց այդ ամենի մեխն է: Գյուլենը հայտնի է նաեւ հայամետ կոնգրեսականներին ֆինանսավորելու իր քայլով եւ պատահական չէ, որ թուրքիայի ներկայիս իշխանությունները նրան ու նրա ղեկավարած շարժումը անգամ համարում են ավելի վտանգավոր, քան Քրդական բանվորական կուսակցությունը:

Թուրքական իշխանությունները Գյուլենին մեղադրում են նաեւ ամերիկյան եւ հրեական գործակալ լինելու մեջ՝ հավելեց թուրքագետը: Անդրադառնալով խնդրո առարկա լուրի հերքումներին՝ թուրքագետը չբացառեց, թե այն կարող էր նաեւ ուղղակի խայծ լինել հայկական լրատվամիջոցների համար, սակայն, ըստ նրա, առավել էականն այն է, թե ով էր այդ խայծի հեղինակը: Սովորաբար նման բան անում են թուրքական իշխանամետ լրատվամիջոցները, ինչն այս դեպքում այդպես չէր եւ վերջինները միայն հերքեցին լուրը:

Թուրքագետը միաժամանակ հավելեց, որ թուրքիայում տեսակետ կա նաեւ այն մասին, որ թուրքական վերնախավում առկա է խոսակցություն՝ Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի միջոցառումները Ապրիլի 24-ին անցկացնելը չեղյալ համարելու վերաբերյալ եւ գյուլենականներն էլ առիթը բաց չթողեցին այս մոտեցումը շատ արագ տարածելու: Թե ինչպես կվարվի Թուրքիան, ըստ թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի, մեծապես կախված է մեկ հանգամանքից՝ այդ միջոցառումներն անցկացնելո՞ւ, թե՞ ցանցկացնելու դեպքում Թուրքիան ավելի քիչ կխայտառակվի: Ասել է, թե՝ տվյալ հարցով այլեւս Թուրքիայի ընտրությունը լինելու է վատի եւ վատագույնի միջեւ:

Back to top button