

Ազգային ժողովն այսօր կեսօրին սկսել է խորհրդարանական երկրորդ օրվա աշխատանքը: Պատգամավորները շարունակում են քննարկել կառավարման ճգնաժամի մասին հայտարարության նախագիծը, որը խորհրդարանական ոչ իշխանական ուժերի կողմից արտահերթ կարգով օրակարգ է ընդգրկվել դեռ նախորդ նստաշրջանի ընթացքում:
Փաստաթղթի տակ, ի դեպ, նաև ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի ստորագրությունն է, բայց քննարկումն ընթանում է առանց ԲՀԿ-ական պատգամավորների. երեկ, հիշեցնենք, խմբակցությունը հայտարարել է քառօրյան բոյկոտելու մասին:
Եթե նախագծի քննարկման առաջին օրը ամբիոնի մոտ հիմնականում ընդդիմադիր պատգամավորներն էին, ապա այսօր հնչած ելույթները առավելապես խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչներինն են: Եթե երկրում ճգնաժամ կա, ապա պետք է ոչ թե հայտարարություն ընդունել, այլ ելքեր առաջարկել՝ իր արտահերթ ելույթում ասել է ԱԺ փոխնախնագահ Հերմինե Նաղդալյանը: Նա նախագիծը ժամանակվրեպ և աննպատակ է որակել: ԱԺ փոխնախագահը ոչ միայն համաձայն չէ երկրում ճգնաժամի առկայության մասին ընդդիմադիրների գնահատականին, այլև կարծում է, որ ավելի խորը ճգնաժամի մեջ հենց ընդդիմադիր ուժերն են:
«Երեկ նախագծի հեղինակներից Լևոն Զուրաբյանը ամբիոնին մոտեցավ ձեռնափայով և պատկերավոր համեմատություն արեց՝ ընդդիմությունն այսօր թոփալ է, բայց շուտով կապաքինվի: Ես նույնքան լավատես չեմ. այո, ընդդիմությունը կաղում է, բայց սա արագ ապաքինվող տկարություն չէ: Ընդդիմությունը նոր չի կաղում, կաղում է վաղուց, կաղում է երկու ոտքից, նույնիսկ՝ երեք»:
Նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղեկացրել է, որ պատգամավոր Դավիթ Քոչարյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել:
Սա ԲՀԿ-ական պատգամավորների՝ խմբակցությունը լքելու մասին երրորդ դիմումն է: Խմբակցության ևս 3 անդամ հայտարարել է կուսակացությունից դուրս գալու որոշման մասին: ԱԺ կանոնակարգը նրանց, որպես համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների, թույլ չի տալիս դուրս գալ խմբակցությունից՝ առանց մանդատից հրաժարվելու:




