
Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ
Հրեա ցեղասպանագետ Յաիր Աուրոնը եռօրյա այցով Արցախում էր: Նա հանդպումներ է ունեցել ինչպես պաշտոնյաների, այնպես էլ երիտասարդների հետ, եղել է պաշտպանության բանակի զորամասերից մեկում: Իր բացահայտումների մասին գիտնականը պատմել է լրագրողներին:
Արցախյան գոյամարտի մասին, գիտնականը խոստովանում է, շատ բան չգիտեր: Մասնագիտության բերումով գնահատական է տալիս պատերազմի ընթացքում տեղի ունեցած իրադարձություններին: Ասում է, համաձայն չէ, երբ ցեղասպանություն եզրույթով են բնորոշում Խոջալուի, ինչպես նաև Սումգայիթի և Բաքվի իրադարձությունները:
«Որոշ մարդիկ ասում են, որ Խոջալուի դեպքերը ցեղասպանություն են: Բայց ցեղասպանության դասական սահմանմամբ այդ իրադարձությունները ցեղսպանություն չեն: Նույնը ասում եմ Սումգայիթի և Բաքվի իրադարձությունների մասին:Կոնկրետ այդ դեպքերի վերաբերյալ ես ուսումնասիրություն չեմ կատարել, բայց դրանք կարելի է անվանել կոտորածներ, երբ մի կողմը կոտորում է մյուսին»:
Յաիր Աուրոնը նաև խոստովանում է, որ արցախյան այցի առաջին օրվա տպավորությունները այնքան էլ խոսուն չէին: Ընդամենը երկու օրվա ընթացքում դրանք փոխվեցին:
«Առաջին օրն այն տպավորութունն էր, որ դուք շատ թույլ եք: Հիմա համոզված եմ, որ շատ ուժեղ եք: Ուժեղ եք ձեր ոգով»:
Գիտնականի վրա ազդել են հանդիպումները երիտասարդության և զինվորների հետ:
«Հիացած եմ ինքնորոշման համար ձեր պայքարով: Դա ձեր իրավունքն է և հաջողություն եմ մաղթում ձեզ: Հանդիպելով երիտասարդ զինվորներին, տեսա, որ նրանք պատրաստ են շարունակել պայքարել նույն ոգով: Զինվորների մեջ այդ ոգին կա, պայքարելու, սեփական ճակատագիրը տնօրինելու:Ես հիացած եմ այդ կամքով»:
Ցեղասպանագետի խոսքով` իր համար ամոթալի է, որ իր հայրենիքը զենք է վաճառում Ադրբեջանին և այն հետագայում ուղղվում է Արցախում ապրողների դեմ:
«Երբ պատկերացնում եմ, որ այդ զենքը ձեր դեմ է օգտագործվում, պարզապես խելագարվում եմ»:
Յաիր Աուրոնի խոսքով վերադառնալով Իսրայել ինքը շարունակելու է պայքարել հայոց ցեղասպանության ճանաչման համար: Արցախյան այցից հետո քարոզչության մեկ ճակատ էլ է ավելացել, և ինքն իր ընկերների հետ խոսելու է Արցախի, այդտեղ ապրող մարդկանց և նրանց պայքարի մասին: Հերթական անգամ Լեռնային Ղարաբաղ գիտնականը ծրագրում է այցելել ամռանը:




