ԿարևորՄշակույթ

Հռոմի պապը Գրիգոր Նարեկացուն ճանաչել է Տիեզերական եկեղեցու վարդապետ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը վավերացրել է Սրբերի դատի ժողովի կարդինալական դասի եւ եպիսկոպոսների լիագումար նիստի՝ «Սուրբ Գրիգոր Նարեկացուն Տիեզերական եկեղեցու վարդապետ» շնորհելու որոշումը, հայտնում է Վատիկանի ռադիոն։

Վատիկանի ռադիոն հիշեցնում է, որ Սուրբ Գրիգոր Նարեկացին հայ միջնադարի հոգեւորական, աստվածաբան, բանաստեղծ, երաժիշտ եւ փիլիսոփա է եւ համարվում է հայ վերածննդի գրականության հիմնադիրը։

«Նրա ամենահայտնի ստեղծագործությունը «Մատյան ողբերգությունն» է, որն ավելի հայտնի է որպես «Նարեկ» աղոթագիրք։ Նրա (Գրիգոր Նարեկացու. խմբ») կյանքի եւ  կենսագրության մասին շատ քիչ տեղեկություններ են պահպանված։ Հայտնի է, որ Գրիգոր Նարեկացին ծնվել է Վասպուրական նահանգի Ռշտունի գավառում, Վանա լճի հարավային ափում գտնվող Նարեկ գյուղում մոտավորապես 951 թվականին։ Նա Անձեւ գավառի Խոսրով եպիսկոպոսի որդին էր։

Մանուկ հասակում Գրիգոր Նարեկացին հաճախել է Ռշտունյաց նահանգի Նարեկ գյուղի վանքը, որտեղ եղբոր հետ միասին ուսանել է Անանիա Նարեկացու մոտ։ Ուսումն ավարտելուց հետո Սուրբ Գրիգոր Նարեկացին վարդապետ է ձեռնադրվել Նարեկավանքում եւ ստացել վանքի Նարեկ անունը։

Սուրբ Գրիգոր Նարեկացին վախճանվել է 1003 թվականին, թաղված է Նարեկավանքում։ Նրա գերեզմանը երկար ժամանակ, մինչեւ 1915 թ., երբ Նարեկավանքը Ցեղասպանության ժամանակ հիմնովին քանդվեց, ուխտատեղի էր շրջակայքի հայ բնակչության համար»,- հայտնում Վատիկանի ռադիոն։

Back to top button