Հասարակություն

ԵՊՀ-ն 6, իսկ ԵՊԲՀ-ն և ՀԱՊՀ-ն 4 տարով ինստիտուցիոնալ հավատարմագրում են ստացել

Այսօր տեղի ունեցավ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի  հավատարմագրման հանձնաժողովի նիստ, որտեղ որոշում կայացվեց երեք բարձրագույն ուսումնական հաստատությունների ինստիտուցիոնալ հավատարմագրում շնորհելու վերաբերյալ:

Հանձնաժողովի որոշմամբ Երևանի պետական համալսարանին  շնորհվել է հավատարմագրում 6 տարի ժամկետով,  իսկ  Երևանի պետական բժշկական համալսարանին և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանին (նախկին ՀՊՃՀ)` 4 տարի ժամկետով:

Յուրաքանչյուր բուհի համար տեղի ունեցավ առանձին քննարկում հավատարմագրման հանձնաժողովի, բուհում  հավատարմագրման գործընթացն իրականացրած փորձագիտական խմբի ղեկավարի, ԿԳՆ և բուհի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Փորձագիտական խմբի ղեկավարը  ներկայացրեց փորձաքննության արդյունքները, բուհի ուժեղ և թույլ կողմերը, փորձագիտական խմբի մատուցված խորհրդատվությունները և բուհի կողմից փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման  գործողությունների ծրագրին տրված փորձագիտական խմբի գնահատականը:  Ապա բուհերի ներկայացուցիչները քննարկվող հարցերի վերաբերյալ իրենց տեսակետները հայտնեցին և պատասխանեցին հավատարմագրման հանձնաժողովին հուզող հարցերին: Ընդհանուր քննարկմանը հաջորդեց հավատարմագրման հանձնաժողովի դռնփակ քննարկումը և քվեարկությունը:

Հավատարմագրման հանձնաժողովի որոշումները ՈԱԱԿ-ը կներկայացնի ԿԳՆ,   նախարարության կողմից հաստատվելուց հետո գրառում կկատարվի բուհերի հավատարմագրման գրանցամատյանում,  իսկ բուհերին համապատասխան վկայական  կշնորհվի:

Հավատարմագրված ուսումնական հաստատությունները  երկամսյա ժամկետում  ՈԱԱԿ-ին  պետք է է ներկայացնեն  փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման գործողությունների  ծրագիր  և համապատասխան ժամանակացույց:

Հավատարմագրման կարգի համաձայն`հավատարմագրում ստացած բուհերը երկու տարին մեկ պարբերականությամբ պետք է  նաև ինստիտուցիոնալ ներքին գնահատում իրականացնեն և արդյունքները ներկայացնեն ՈԱԱԿ:

Ըստ հավատարմագրման կարգի`հավատարմագրման  հանձնաժողովը երեք հնարավոր որոշում կարող էր կայացնել` հավատարմագրել (4 կամ 6 տարով), պայմանական հավատարմագրել (2 տարի ժամկետով) կամ չհավատարմագրել:

Հավատարմագրման նպատակն է որոշել, թե որքանով են կրթական ծառայությունները կամ կրթության արդյունքները համապատասխանում սահմանված նպատակներին և որքանով են դրանք համարժեք հասարակության պահանջներին, ՀՀ կառավարության կողմից  հաստատված չափանիշներին և գերակա ուղղություններին:

Հավատարմագրման հանձնաժողովն  առաջիկայում որոշում կկայացնի նաև հավատարմագրման գործընթացն անցած մյուս  բուհերի վերաբերյալ:

Կարդացեք նաև

Back to top button