Հասարակություն

Սերգո Երիցյանի կոչը` մայրենի լեզվի տոնի զգացողությունն ունենալ ամբողջ տարին

hasmikdilanyan
2000թ մինչ օրս ՅՈՒՆԵՍԿԻ-ի որոշմամբ, փետրվարի 21-ի նշվում է որպես մայրենի լեզվի միջազգային օր:  ԿԳ նախարարության լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը կոչ է անում տոնի զգացողությունն ունենալ ամբողջ տարին՝ մի պարզ պատճառաբանությամբ՝  ամբողջ տարին ենք շփվում  մայրենիի հետ, մայրենիով բարին ենք մաղթում ամեն օր: Սերգո Երիցյանը հեռուստաընկերությունների  լրատվական հաղորդումների  ժամանակ  հնչող խոսքից հիմնականում  գոհ է, ռադիոեթերում հնչող խոսքը  չեն ուսումնասիրում, առաջիկայում ծրագրել են առանձնակի ուշադրության արժանացնել  համացանցը: Լեզվի պետական տեսչությունում նկատել են՝ մայրաքաղաքի կենտրոնական հատվածում հրապարակային գրված խոսքի 40 տոկոսն է միայն  հայատառ, 60 տոկոսը հայատառ չէ: 2014-ին լեզվի պետական տեսչությունը  40 տնտեսվարողների է տուգանել, սակայն  պետական տեսչության պետի կարծիքով, առավել արդյունավետ են գործում հորդորակներն ու  նախազգուշացումները:

 

Հեռուստալրագող, բանասիրական գիտությունների դոկտոր, կրթության ու գիտության նախկին նախարար , այժմ ՝ լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը մայրենի լեզվի ուսումնասիրման  տարիների փորձն  աչքի առաջ  ունենալով, հետևյալ եզրահանգմանն է եկել՝ որքան դժվար ժամանակահատված է  գալիս լեզվի համար,  լեզուն այնքան ավելի մեծ զսպանականեր է գործի դնում՝ ինքնապաշտպանվելու համար: Լեզուն կարողանում է դժվարության պահին  ինքն իր խնդիրները լուծել: Լեզվի  պահպանման խնդիրը պետք է դիտարկել մյուս  տեսանկյունից՝  որքանո՞վ ենք մենք կարողանում լեզվին օգնել:

«40 տարի է արդեն մեր հրաշալի մեծաքանակ բառապաշար  ունեցող բառարանները չեն վերահրատարակվել, իսկ, եթե չեն վերահրատարակվել, նշանակում է չեն թարմացվել: Այսօր կարելի է խոսել  100 հազար և ավելի բառերի, դարձվածքների, արտահայտությունների  մասին, որոնք բառարաններում տեղ չունեն: 21-րդ դարը նաև որոշակի  հրամայական է ներկայացնում, որ կարողանանք ունենալ էլեկտրոնային բառարաններ, այլևս  բառարաններ  թերթելով մենք շատ ավելի  մեծ դժվարություններ կունենանք»:

Ամեն օր լեզվի  պահպանման մասին քննադատություններ  լսող ու  հեռուստաեթերի խոսքը դիտարկող  կառույցի ղեկավարը  լրատվական հաղորդումների  ժամանակ  հնչող խոսքից հիմնականում գոհ է, ռադիոեթերում հնչող խոսքը  չեն ուսումնասիրում, առաջիկայում ծրագրել են առանձնակի ուշադրության արժանացնել  համացանցը: Խոցելի է  մնում սերիալներում, ժամանցային հաղորդումների ու թեք շոուների  ժամանակ  հնչող խոսքը:  Լեզվի պետական տեսչության պետը որոշ ոչ հայեցի  արտահայտություններ այդուհանդերձ առանձնացրել էր:

«Տարբեր կերպով օգտագործում են, օրինակ, էքսքլյուզիվ, մենք հրաշալի բացառիկ բառն ունենք, կամ սյուժեներում լինում է ռեալիստ, իրատես բառը կա: Էկզոտիկա-տարաշխարհիկություն, սպեցիֆիկ-յուրահատկություն, կոնտեքստ-ենթատեքս: Լեզուն կենդանի օրգանիզմ է: Երկու-երեք փոքր չափի բառարան, որն ընդգրկում է երեք, չորս  հազար կամ հինգ հազար տերմին,  կան, բայց այդ բառարաններն էլ դեռ լիովին քննություն բռնած չեն: Այդ բառարանների որոշ բառերի, արտահայտությունենրի հետ կարելի  էև համաձայնվել, և չհամաձայնվել»:

Հորդորակներ ուղարկելուց, երբեմն նաև վարչական տուգանք կիրառելուց բացի  Լեզվի պետական տեսչությունն այլ լծակներ չունի: «Հորդորակները օգուտ տալիս  են»,- վստահեցնում է  Սերգո Երիցյանը: Տեսչության պետն  ավելի կողմնակից է, որ նախազգուշացումներ լինեն և ոչ թե տուգանքներ: Առաջարկություններ  ներկայացրել են՝ փոփոխություններ կատարել ինչպես «Վարչական իրավախախտումների մասին» , այնպես էլ  «Հեռուստատեսության ու ռադիոյի մասին»  օրենքներում:  Փորձել են անդրադառնալ նաև պաշտոնյաների լեզվական խնդիրներին, սակայն, նախագիծը նախնական քննարկումներից առաջ չի գնացել:

Պաշտոնյաների խոսքին  գնահատական  հնչեցնել  չցանկացող Սերգո Երիցյանը վստահեցրեց՝  լեզվի հետ կապված մտահոգությունները  հունվարին քննարկվել են կառավարությունում, ավելի մեծ քննարկում է սպասվում մարտի սկզբին: Կարևորվել է  տերմինաբանական խորհրդի կամ հայերենի բարձրագույն խորհրդի վերագործարկումը, որն  արդեն տասը տարի է չի գործում:  Լեզվի պետական տեսչության պետը կողմնակից է, որ  նոր ստեղծվելիք մարմինը կառավարությանը կից միաժամանակ՝ անկախ լինի: Սերգո Երիցյանն էլ է խոստովանում՝ բազմաթիվ են դեպքերը, երբ բառերի գրությունը կամ  կետրադրական այս կամ այն նշանի կիրառումը տարբեր մասնագտեներ տարբեր կերպ են մեկնաբանում: Նոր ստեղծվելիք մարմինը նաև այս բացն է լրացնելու

«Նախ և առաջը սկսել են գրել ոչ թե առանձին-առանձին, այլ՝ միասին, բայց շատ դեպքերում հստակ բացատրություն չկա՝ ինչու գրել առանձին կամ միասին: Այսինքն այս ամենը լեզվական առկա միտումներին  որոշակի հստակ, մասնագիտական բացատրություններ են պետք: Եվ շատ դեպքերում տարբեր բուհի, լեզվի ամբիոնի ներկայացուցիչը տարբեր մեկնաբանություն և բացատրություն է տալիս: Այստեղ միասնականացման, ընդհանուր եզրակացության կարիք և անհրաժեշտություն կա»:

Հայաստանում  լեզվաքաղաքականության առաջիկա տասը տարիների ծրագիր ունենալը նույնպես հրամայական է:

 

Back to top button