

«Մենք միշտ էլ կողմնակից ենք եղել ցանկացած կառուցողական մոտեցման, բայց սա պետք է լինի եռակողմ` Արցախ, Ադրբեջան և Հայաստան, քանի որ Ադրբեջանին հաջողվել է Հայաստանին ներգրավել բանակցային գործընթացի մեջ՝ խեղաթյուրելով ամբողջ գործընթացը»,-«Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, անդրադառնալով Թբիլիսում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը:
Վերջինս խոսքով՝ այս ձևաչափում պետք է նաև լինեն համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը:
Հիշեցնենք, որ Թբիլիսում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ Ադրբեջանն ընդունել է խաղաղության համաձայնագրի վրա աշխատելու համար աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկը: «Բոլորը հասկանում են, որ հակամարտությունը հավերժ լինել չի կարող և ներկա գործընթացի շարունակականությունը խաղաղ համաձայնագրի ստորագրման հարցում դժվարություններ ու վտանգներ է ստեղծում»,-ասվել էր հայտարարության մեջ:
«Ռադիոլուր»-ի դիտարկմանը, թե հնարավո՞ր է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաջորդ այցի ժամանակ հանդես գան «նոր հայտարությամբ»՝ Դավիթ Բաբայանը նշեց, որ նման խմբերը պետք է զբաղվեն ամենատարրական հարցերով, զինադադարի ռեժիմի խախտումների բացահայտմամբ, մեղավորներին պատժեն և այլն, որից հետո հնարավոր կլինի քննարկել նոր առաջարկներ: Խոսել նոր մոտեցումների կիրառման մասին դեռ վաղաժամ է:




