Հասարակություն

Չպետք է Հայոց ցեղասպանությունը ընկալել միայն որպես ողբերգություն

sonahakobyan

Գիրք նվիրելու օրվա ավանդույթը պահպանում է նաև Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտը: «Ինչպես դասավանդել Հայոց  ցեղասպանության թեման» և «Ինպես լուսաբանել Հայոց ցեղասպանության թեման» ձեռնարկների շնորհանդեսն է այսօր տեղի ունեցել։ Ներկայացնելով Ցեղասպանության թանգարան- ինստիտուտի և «Պրոսպեկտուս» տարածաշրջանային և քաղաքական հետազոտությունների կենտրոնի համատեղ հրատարակած ձեռնարկները՝ թանգարան- ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը նշել է, որ ուսուցիչների համար նախատեսված ձեռնարկը ներառում է Հայոց ցեղասպանության թեման դասավանդելու վերաբերյալ գիտական հոդվածներ, ինչպես նաև թեման կրթական հաստատություններում ներկայացնելու մեթոդները և նրբությունները:

Մեծ եղեռնը հայոց պատմության այն ողբերգական էջն է, որը հայ ժողովրդի պատմական զարգացման վրա թողել է ոչ միայն քաղաքական հետևանքներ, այլև ակնառու հոգեբանական ազդեցություն: Այսօր էլ այն ուղերձները, որոնք տրվում են հանրությանը այս թեման մատուցելիս, հսկայական նշանակություն ունեն այս արհավիրքի հոգեբանական նշանակությունը հաղթահարելու, հասարակության բարոյական և հոգեբանական ինքնության ձևավորման, ինչպես նաև հայ ինքնության ամրապնդման համար ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում:

Հետևաբար` հաշվի առնելով այս ամենը՝ չի կարելի ամեն առիթով հարկի անհարկի օգտագործել ցեղասպանություն բառը, նկատեց Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը՝ ներկայացնելով ցեղասպանությունը լուսաբանող լրագրողների համար նախատեսված նոր ձեռնարկը։

«Ցեղասպանությունը մարդկության հանդեպ ամենամեծ ոճիրն է, որն ունի նաև իրավաբանական գնահատական: Միևնույն ժամանակ՝ ցեղասպանությունը միայն մեծ թվերի պատմություն չէ: Մենք շատ ենք սիրում ասել 1.5 մլն զոհ և դրանով սահմանափակվել:Մենք պետք է հասկանանք, որ 1.5 մլնի ամեն 1-ը մարդկային մեկ ճակատագիր և պատմություն է»,- ասում է։

Ցեղասպանությանը վերաբերող ցանկացած հաղորդում պատրաստելիս պետք է հաշվի առնել, որ շատ ավելի ազդեցիկ է ցեղասպանությունը վերապրած մեկ մարդու կյանքն ու ճակատագիրը ներկայացնելը, քան 1.5 մլն թիվ նշելը: Սուրեն Մանուկյանը շատ է կարևորում նաև թեմայի առնչությամբ որոշ կարծրատիպեր կոտրելը: «Չպետք է Հայոց ցեղասպանությունը ընկալել միայն որպես ողբերգություն։ Այն առաջին հերթին հանցագործություն է, որը պետք է ունենա իր իրավական հետևանքը: Այն նաև մեծ ժողովրդի հերոսական վերապրումն է:Հասարակ հայ կնոջ և այն որբուկի վերապրումը, ով կորցնելով ամեն ինչ՝ հայրենիքն ու ընտանիքը, վերապրում և ստեղծում է նոր ընտանիք: Ցավոք սրտի՝ մենք նախընտրում ենք ապրիլի 24-ին ավելի շատ մեզ վերագրել մորթված և սպանված ժողովրդի կերպար: Ես կարծում եմ, որ դրանից ձերբազատվելու ժամանակն է և ժամանակն է մեզ ներկայացնել որպես հաղթող, վերապրած և պետականություն ստեղծած ուժեղ, հերոսական ժողովուրդ»:

Իսկ ի՞նչ է ներառում և սովորեցնում մանկավարժների համար նախատեսված ձեռնարկը: Արդյ՞ոք ունենք թեմայի դասավանդման բաց մեր ուսումնական հաստատություններում, որը փորձում է լրացնել համապատասխան ձեռնարկը: Սուրեն Մանուկյանը կարծում է, որ շատ կարևոր է դասավանդվող նյութի պատկերավոր մատուցումը, քանի որ մենք արդեն կորցնում ենք Արևմտյան Հայաստանի պատկերը:

Առաջին պատգամը, որն այս ձեռնարկով տրվում է ուսուցիչներին, այն է՝ պատկերավոր դարձնել Հայոց ցեղասպանության պատմությունը: Ուսուցիչների համար նախատեսված ձեռնարկը ներառում  է Հայոց ցեղասպանության թեման դասավանդելու վերաբերյալ գիտական հոդվածներ, ինչպես նաև թեման կրթական հաստատություններում ներկայացնելու մեթոդներ և նրբություններ:

 

Back to top button