Հասարակություն

Կառավարությունն այսօր

hasmikdilanyan

 

Գյուղատնտեսությունում տրամադրվող վարկերի մատչելիության մակարդակը կբարձրանա

 

Կառավարությունն այս տարի գյուղացիական տնտեսություններին տրամադրվող վարկերը կսուբսիդավորի ոչ թե տարբերակաված՝ չորս կամ վեց տոկոսով, այլ՝ համատարած՝ վեց տոկոսով: Նախագիծն ընդգրկված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում: Հիշեցնենք, որ 2011 թվականի ապրիլից գյուղատնտեսության ոլորտին տրամադրվել են մատչելի տոկոսա-դրույքով (14 %-ով) վարկեր, որոնց 4, իսկ հանրապետության առավել կարիքավոր 225 համայնք-ների համար 6 տոկոսային կետը սուբսիդավորվել է։

Ծրագրի շրջանակներում 2011 թվականի ապրիլի սկզբից մինչև 2014 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում գյուղա-տնտեսությունում տնտեսավարողներին տրամադրվել է 69.01 մլրդ դրամի 77.5 հազ. միավոր վարկ: Ընդհանուր առմամբ, վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման գումարը կազմել է 2.40 մլրդ դրամ: Հաշվի առնելով ծրագրի կարևորությունը գյուղատնտեսության կայունության և զարգացման համար` ՀՀ 2015 թվականի պետական բյուջեով միջոցառման իրականացման համար հատկացված գումարը նախորդ` 2014 թվականի նկատմամբ ավելացել է 33.3%-ով, որի շնորհիվ հնարավորություն է ստեղծվել բոլոր համայնքների համար կիրառել 6 տոկոսային կետի սուբսիդավորում, ինչը պետք է ամրագրվի նշված որոշման համապատասխան փոփոխությամբ:

Ակնկալվում է, որ նախագծի ընդունմամբ կբարձրանա գյուղատնտեսությունում տրամադրվող վարկերի մատչելիության մակարդակը, նախադրյալներ կստեղծվեն գյուղատնտեսությունում տնտեսավարողների կայունության, տեղական արտադրանքի մրցունակության բարձրացման և ծավալների ավելացման համար:

 

Հայաստանի զարգացման հիմադրամ՝ զարգացման հայկական գործակալության փոխարեն
Հայաստանի զարգացման հիմադրամ՝ զարգացման հայկական գործակալության փոխարեն: Կառավարության այսօրվա նիստում ընդգրկված օրակարգային հարցերից մեկով է նախատեսված վերը նշված փոփոխությունը: Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ կառավարության 2014թ դեկտեմբերի 18-ի որոշման համաձայն, Արդյունաբերության զարգացման և Հայաստանի մրցունակության հիմնադրամների միաձուլմամբ, «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության լուծարմամբ և նշված երեք կառույցների գործառույթների կենտրոնացմամբ ստեղծվել է Հայաստանի զարգացման հիմնադրամը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ն հանդիսանում է Գործարարության աջակցման խորհրդի աշխատանքային քարտուղարությունը` անհրաժեշտություն է առաջացել իրականացնել նախագծով առաջարկվող փոփոխությունները:

Հիշեցնենք, որ հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արման Խաչատրյանը, ով նախկինում զբաղեցրել է Հայաստանի մրցունակության ազգային հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը։

 

Բանասեր ու հասարակական գործիչ Թորոս Ազատյանի հավաքածուն կտրամադրվի մատենադարանին

 

Կառավարության որոշմամբ, «Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» ՊՈԱԿ-ին ամրացված թանգարանային առարկաները՝ բանասեր ու հասարակական գործիչ Թորոս Ազատյանի հավաքածուն, հետ կվերցվի ու կտրամադրվի «Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ »ՊՈԱԿ-ին՝ Մատենադարանին, ինչը կնպաստի թանգարանային առարկաների վերականգնմանը, հավաքածուի ամբողջական գիտական ուսումնասիրմանը:

Նշենք, որ նախագծի հիմնավորման համաձայն, Թորոս Ազատյանի հավաքածուի հայկական ձեռագրերը ժամանակին փոխանցվել են Մատենադարանին, իսկ օսմաներեն, թուրքերեն, պարսկերեն և արաբերեն մի շարք ձեռագրեր, ինչպես նաև հայ միջնադարյան բժշկագիտությանն առնչվող 18-19-րդ դարերում կատարված ընդօրինակությունները և ձեռագիր բառարանները մնացել են Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում` տարիներ շարունակ դուրս մնալով գիտական շրջանառությունից:

Միևնույն ժամանակ, հավաքածուի մի մասը վատ վիճակում է գտնվում և անհապաղ վերականգնման կարիք ունի: Մատենադարանում այսօր ստեղծված են լիարժեք պայմաններ` միջնադարյան ձեռագրերի պահպանության և վերականգնման համար: Մատենադարանում պահվող արևելյան ձեռագրային ֆոնդն ընդգրկում է շուրջ 4000 միավոր ձեռագիր գրքեր և պատառիկներ, որոնք ուսումնասիրում են ինչպես Մատենադարանի արևելյան ձեռագրերի բաժնի գիտաշխատողները, այնպես էլ արտերկրի արևելագետները:

Հավաքածուի ամբողջականությունը վերականգնելու համար ևս նպատակահարմար է ձեռագրերի մեկտեղումը:

 

Խմելու ջրի ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակներում կստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով

 

Հաշվի առնելով, որ «Երևան Ջուր» ՓԲԸ վարձակալության պայմանագրի, «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» ՓԲԸ կառավարման պայմանագրերի ժամկետները լրանում են 2016 թվականի մայիսի 31-ին, որից հետո անհրաժեշտություն է առաջանում շարունակել և զարգացնել այդ ընկերությունների կողմից օգտագործվող ջրային համակարգերի և այլ գույքի մասնավոր կառավարումը, ՀՀ կառավարության 14.08.2014թ. N 888-Ն որոշմամբ սահմանվել է` 2014 թվականի հունիսի 1-ից այդ գույքի օգտագործման իրավունքը փոխանցվում է վարձակալությամբ:

Այդ գործընթացն իրականացնելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով: Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը` խմելու ջրի ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակներում պետական-մասնավոր գործընկերության զարգացումն է` միջազգային մասնավոր կառավարչի` վարձակալի ներգրավմամբ:

Կարգավորման նպատակը և բնույթը` որոշման նախագծի կարգավորման նպատակը` ջրամատակարար ընկերությունների կողմից օգտագործվող գույքը վարձակալությամբ փոխանցման գործընթացը կազմակերպող միչգերատեսչական հանձնաժողովի ստեղծումն է և այդ գույքի վարձակալության ձևի սահմանումն է:

Back to top button