

Այսօր 1921 թվականի փետրվարյան ապստամբության 94-րդ տարեդարձն է։ Իրադարձություն, որն ըստ Ազգային ինքնորոշում միավորման նախագահ Պարույր Հայրիկյանի, մեր ժողովրդի համար խորհրդանշական է, քանի որ դա բոլշևիկյան բռնապետության դեմ տարած հայ ժողովրդի առաջին հաղթանակն էր։ Պատմական գիտությունների դոկտոր, ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դոցենտ Աշոտ Ներսիսյանի ձևակերպմամբ 21-ի փետրվարյան շարժումը համաժողովրդական ընդվզում էր, անգամ հեղափոխություն, որը ծնվեց հայայաստանյան հեղափոխական կոմիտեի որդեգրած դաժան քաղաքականության արդյունքում ու մեր ժողովրդի ճակատագրում չափազանց կարևոր դեր ունեցավ։ «Չլիներ փետրվարյան ապստամբությունը, հազիվ թե Զանգեզուրը խորհրդային Հայաստանի մաս կազմեր»,-«Ռադիոլուրի» հետ զրույցում նշել է պատմաբանը։




