
Ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ քննարկումներն այսօր շարունակվել են ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյաի սկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրիոյի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ հանդիպման ժամանակ։
Նախարար Նալբանդյանը համանախագահների ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ հունվարի 27-ի համանախագահների հայտարարությունից, փետրվարի 7-ի ԵԱՀԿ գործող նախագահի և եռանախագահների հայտարարությունից հետո Բաքուն, բացահայտ արհամարհանք դրսևորելով, շարունակել է հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումները, սադրանքները և եռանախագահների կողմից մատնանշված անթույլատրելի հռետորաբանությունը։
Անդրադառնալով խաղաղության պայմանագրի մշակմանը իբր ձեռնամուխ լինելու մասին Բաքվի մտասևեռմանը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ Ադրբեջանի ղեկավարությունը իրականում նպատակ է հետապնդում ձախողել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման Հիմնարար սկզբունքների շուրջ տարիների բանակցային գործընթացի արդյունքները: Բաքուն փորձում է օգտագործել իր իսկ պատճառով հակամարտության չլուծված լինելը՝ արդարացնելու համար երկրի ներսում մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարումները, ընդդիմախոսների դեմ բռնաճնշումները։
«Երբ համաձայնություն ձեռք բերվի հիմնարար սկզբունքների վերաբերյալ, և դրան իր համաձայնությունը տա նաև Լեռնային Ղարաբաղը, այդ ժամանակ հնարավոր կլինի բանակցություններ սկսել Ադրբեջանի, Արցախի և Հայաստանի միջև՝ մշակելու խաղաղության համապարփակ պայմանագիրը», — ասել է Էդվարդ Նալբանդյանը։
Նախարար Նալբանդյանը, անդրադառնալով Արցախի դատարանի կողմից դատապարտված ադրբեջանցի դիվերսանտերին որպես «մոլորված անմեղ գառնուկներ» ներկայացնելու Բաքվի փորձերին, նշեց, որ դրանք սնանկ են։
«Վերջիններիս հանցագործությունները փաստագրված և ապացուցված են, ներառյալ՝ նրանց կողմից տասնյոթ տարեկան պատանու առևանգումը, խոշտանգումը և դաժան սպանությունը»,- ընդգծել է Հայաստանի արտգործնախարարը։




