

Հայ-թուրքական արձանագրությունների հետկանչը տրամաբանական քայլ էր քաղաքական այս կուրսի շրջանակներում՝ արձանագրել է Ալեքսանդր Արզումանյանը: Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ նախկին արտգործնախարարը կարծիք է հայտնել, որ Հայաստանում տվյալ հարցի շուրջ չկար միասնական մոտեցում: Առաջին նախագահը ունեցել է իր մոտեցումը՝ այն իրականացնելով 7 տարի:
«Համաձայն լինելով Երկրորդ կամ Երրորդ նախագահների հետ ասենք ուղղակի, որ փաստը մնում է փաստ. առանց նախապայմանների առանց ցեղասպանության հարցը արծարծելու, որեւէ արդյունք չի արձանագրվել եւ արծարծելով էլ չի արձանագրվել: Այսինքն, Թուրքիան շարունակում է իր թշնամական գործողությունները. շարունակում է բլոկադայի տակ պահել Հայաստանը: Սա էլ, հավանաբար առիթ էր Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ այդ հարցը արծարծել, որովհետեւ այն հետաքրքությունը, որ այսօր կա, չի լինելու հաջորդ տարելիցի ժամանակ»:
Արզումանյանը հիշեցրեց նաեւ Թուրքիայի կողմից կատարված վերջին անընդունելի քայլերը՝ Գալիպոլիի տարեդարձը հենց Ապրիլի 24-ին տեղափոխելը: Նրա գնահատմամբ՝ նախագահի հակադարձման եւ Հայոց ցեղասպանության առթիվ համահայկական հռչակագրի տեքստում կան բավականին դրական հակադարձումներ ու մոտեցումներ, որ պետք է հաշվի առնել: Թե ինչ կլինի հետագայում՝ կյանքը ցույց կտա, թե ինչ ընթացք կստանան այդ ամենը՝ նշեց նախկին արտգործնախարարը:
Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանն այսօր եւս մի կարեւոր խնդրի անդրադարձավ: Խոսքը Ուկրաինայի շուրջ զարգացումների մասին է: Արզումանյանը դրական է համարում, որ Ուկրաինայի խնդրով պայմանագիր ստորագրվեց: Նրա դիտարկմամբ, սակայն, այդ պայմանագրի մեջ արդեն իսկ կան թաքնված ռումբեր, հետեւաբար, Արզումանյանի կարծիքով, պայմանագիրը չի գործելու:
« Չի գործելու պայմանագիրը, ցավոք սրտի, արդեն բոլորի համար ակնհայտ է: Սակայն, համենայնդեպս, դա կարեւոր էր թե եվրոպացիների, թե Պուտինի, թե Պորոշենկոյի համար — բոլորի համար դեմքը փրկելու հնարավորություն էր»:
Ըստ Արզումանյանի՝ զինադադար կլինի, սակայն, ոչ տեւական: Նրա գնահատմամբ՝ պայմանագիրն ինքը այնպիսի կետեր ունի, որ ինչ-որ մի պահի կողմերից մեկը հրաժարվելու է դրանից:




