Քաղաքական

Թուրքական լրատվամիջոցները՝արձանագրությունները հետ կանչելու մասին

Թուրքական ԶԼՄ-ներն անդրադարձել են ՀՀ նախագահի կողմից՝ ԱԺ-ից հայ-թուրքական արձանագրություններ հետ կանչելուն: Թուրքական մամուլը՝ Հաբեր3.քոմը, Հաբերլեր.քոմն ու Եվրանյուսի թուրքերեն բաժինը, մեջբերումներ են արել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին ուղղած նամակից,  ՀՀ ԱԳ Նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի Թվիթերի գրառումից, որտեղ Տիգրան Բալայանը մասնավորապես նշել է, «նախագահ Սարգսյանի արձանագրությունները հետ կանչելու քայլով ազդարարվում է Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ սկսած «ֆուտբոլային դիվանագիտության»  ավարտը»:

«Հուրրիյեթին» տված հարցազրույցում Թուրքիայի արտգործնախարարության դիվանագիտական աղբյուրը մեկնաբանել է Սերժ Սարգսյանի այդ քայլը: Անկարայից առաջին արձագանքը հետևյալն է. «Արձանագրությունները Հայաստանի խորհրդարանի օրակարգում էին, սակայն որևէ քայլ չէր արվում: Այդ որոշումը հայաստանյան կառույցների ներքին մեկնաբանությունն է: Սակայն դա ճիշտ չենք գտնում: Սխալ և անհաջող քայլ է: Դրանք անկեղծությունից զուրկ մոտեցումներ են»:

Հիշեցնենք՝ Հայաստանի ԱԺ նախագահին ուղարկած նամակում նախագահ Սարգսյանը մեղադրել է Թուրքիային` ասելով. «Արձանագրությունների ստորագրումից 6 տարի է անցել: Այդ ժամանակահատվածում Հայաստանն Արձանագրությունները կյանքի կոչելու համար իր դիրքորոշումը չի փոխել: Սակայն Թուրքիայի կառավարությունը շարունակում է Արձանագրությունների ոգուն հակասող նախապայմաններ առաջ քաշել»:

Back to top button