Քաղաքական

Խոսրով Հարությունյան. Նախագահի ելույթի հասցեատերը հասարակությունն է

lusinevasilyan
Հանրապետության նախագահի ելույթի հասցեատերը ոչ թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն էր  կամ նրա մերձավոր շրջապատը, այլ հանրությունը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Նրա գնահատմամբ ՝  Սերժ Սարգսյանը  սթափության կոչ  է հնչեցրել՝  հիշեցնելով, որ ներքաղաքական հնարավոր զարգացումները սպառնում են ազգային անվտանգությանը: Խոսրով Հարությունյանը նաև նկատել է, որ քաղաքական երկխոսության  ռեսուրսները սպառված չեն:

Ինչը ստիպեց հանրապետության նախագահին հանդես գալ նման կոշտ հռետորաբանությամբ: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի կարծիքով՝ պատճառները պետք է փնտրել փետրվարի 5-ին ոչ իշխանական ուժերի նախաձեռնած  խորհրդաժողովում հնչած  հայտարարությունների մեջ: ԲՀԿ առաջնորդը, մասնավորապես, խոսեց  արտահերթ ընտրությունների մասին, բայց ոչ միայն: « Այն միտքը, թե որևէ անզգույշ քայլ կամ խոսք հարյուրհազարավորներին կհանի փողոց, ոչ այլ ինչ է, քան իշխանություններին կարգի հրավիրելու հանդուգն փորձ»:

Արդյո՞ք սա նշանակում է, որ անընդունելի են,  ինչպես Խոսրով Հարությունյանն է ասում,  իշխանություններին կարգի հրավիրելու բոլոր փորձերը: « Անշուշտ կարելի է կարգի հրավիրել իշխանություններին, և դրա իրավունքն ունի անգամ ցանկացած քաղաքացի: Բայց խոսքը քաղաքական պատասխանատուի  մասին է: Ես կարծում եմ՝ այն անձը, որը փորձում է իշխանություններին կարգի հրավիրել այսպիսի մակարդակում, այդ իրավունքը պետք է վաստակած լինի իր անցյալով ու կենսագրությամբ»:

Խոսրով Հարությունյանը կարծում է, որ հանրապետության նախագահի ելույթը պետք է դիտարկել հենց այդ տրամաբանության մեջ:  Երբ առաջ է քաշվում իշխանափոխության քաղաքական ծրագիրը, ապա զուգահեռաբար առաջին պլան է մղվում  առաջին դեմքի պատասխանատվության հարցը: Հանրապետական պատգամավորը   կարծում է, որ այս առումով  Սերժ Սարգսյանի  ելույթն ուղղված էր ոչ այնքան Գագիկ Ծառուկյանին ու նրա մերձավոր շրջապատին, որքան հանրությանը: Նպատակը ահազանգի կոչնակ հնչեցնելն էր: «Բանական կոչ անելու միջոցով փորձել կանխարգելել հանրային կյանքի ոչ ցանկալի զարգացումները»:

Իսկ արդյո՞ք իշխանությունների կոշտ հռետորաբանությունն ու կտրուկ քայլերի անցնելու պատրաստակամությունն  իրենց հերթին չեն նպաստի քաղաքական իրավիճակի լարմանը, որի վատագույն տարբերակը Խոսրով Հրաությունյանն ուկրաինական  սցենարն  է համարում: «Իհարկե, չեմ բացառում, եւ լսելով արձագանքները, ընդհակառակը, ավելի եմ մտահոգվում»:

Ի դեպ՝ Խոսրով Հարությունյանը կարծում է, որ քաղաքական խորհրդակցությունների ռեսուրսները սպառված չեն: Նրա խոսքով՝ կամուրջներն այրված չեն և միմյանց զիջելու ճանապարհով քաղաքական գործընթացը  նորմալ հուն տեղափոխելու հնարավորություն դեռ  կա:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի միահամուռ կեցվածքին, ապա Խոսրով Հարությունյանը սա ոչ այլ ինչ, քան ներկուսակցական համախմբվածություն է համարում: Քաղական կուլիսներում շրջանառվող հարցերից մեկի՝ վարչապետի հրաժարականի անհրաժեշտությունը Խոսրով Հարությունյանը չի տեսնում, կարծում է նաև, որ չկա դրա հեռանկարը: Ավելին՝ նկատում  է, որ հենց վարչապետը կարող էր լինել իշխանություն-ընդդիմություն կապող  օղակը: « Բայց նրա հետ նստել- խոսելու՝ փոխարեն նախընտրեցին  գնալ Մոսկվա»:

Back to top button