

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վաղը տարածաշրջանային հերթական այցի շրջանակներում ժամանելու են Հայասատան: Մինչ այդ այսօր համանախագհները Բաքվում հանդիպելու են այս երկրի ղեկավարության հետ: Ի՞նչ առաջարկներով են տարածաշրջան այցելում ԵԱՀԿ ՄԽ միջնորդները, ի՞նչ հարցեր են քննարկվելու՝ ՄԽ անդամների ու Ադրբեջանի արտաքին քաղաքականության պատասխանատուների, ինչպես նաև Հայաստանի իշխանությունների հետ, կիմանանք հաղորդագրության, հայտարարության կամ թվիթների միջոցով: Բայց այն, որ սահմանային լարվածությունը կտրուկ արձագանքներ է պահանջում, փաստել էին անգամ համանախագահները հունվարի 27-ի իրենց համատեղ հայտարարությունում: Նոր ստացված տեղեկատվության համաձայն՝ Իլհամ Ալիևն արդեն իսկ հանդիպել է համանախագահների հետ, իսկ Էլմար Մամեդյարովն էլ նշել է, որ ժամանակն է աշխատել խաղաղության համաձայնագրի շուրջ։
Տարածաշրջանային հերթական այցի շրջանակներում Բաքու են ժամանել ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, Արցախի հակամարտության սրված իրավիճակին ծանոթանալու, գուցե և պատասխան պահանջելու համար, սակայն որպես կանոն բանագնացների համատեղ «անկողմնակալ» հայտարությունը ուղղված է լինում երկու կողմերին էլ՝ հրադադարը խախտողին էլ, իր տարածքները պաշտպանողին էլ՝ հավասարաչափ:
Մինչեւ տարածաշրջան այցելելը՝ ամերիկացի համանխագահ Ջեյմս Ուորլիքը «Թվիթերում» գրել էր, որ միջնորդները լուրջ բանակցություններ են ակնկալում Ադրբեջանում, որոնք ուղղված կլինեն ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը: «Բոլորը կարող են օգուտ քաղել»,-գրել էր Ուորլիքը:
Օգուտների մասին դեռ կիմանանք, իսկ հունվարից հետո սահմանային լարվածությունը առաջին անգամ ստիպեց ԵԱՀԿ ՄԽ միջնորդ երկրներին հասցեական խոսել խնդրի մասին: Նրանք Ադրբեջանին կոչ արեցին հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ կարգավորման ստանձնած պարտավորություններին:
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը համանախագահների այցից նոր առաջարկներ չի սպասում. քննարկումները, ըստ քաղաքագետի, տեղի կունենան շփման գծի շուրջ:«Ես չեմ կարծում, որ նոր առաջարկներով համանախագահները կներկայանան կողմերին։ Միջնորդները ադրբեջանական կողմի հետ լուրջ քննարկում կանցկացնեն շփման գծում ստեղծված իրավիճակի, վստահության մեխանիզմների ստեղծման շուրջ։ Որևէ այլ հարց, այլ թեմաների շուրջ քննարկում տեղի չի ունենա»,- ասում է նա։
Ի դեպ՝ այսօր Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն արդեն հայտարարել է, որ սկսվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական այցը Բաքու, և նշել, որ տեղի կունենա հանդիպում համանախագահների հետ: «Դրանից հետո կկարողանանք ասել, թե ինչ առաջարկներով ու գաղափարներով են նրանք մեզ այցելել»,-ընդգծել էր Մամեդյարովը:
«Ադրբեջանի ղեկավարությունը խուսափում է շփման գծի շուրջ հարցի քննարկումից:»,- ասում է Սերգեյ Մինասյանը:
Վաղը համանախագահները լինելու են Հայաստանում: Նաև ակնկալվում է, որ կայցելեն Լեռնային Ղարաբաղ:




