ԿարևորՔաղաքական

Դավիթ Ուսուպաշվիլի. Բարեկամ լինելը չի նշանակում միշտ նույն դիրքորոշման լինել

lenabadeyan

Հայաստանն ու Վրաստանը պայմանավորվել են մնալ բարեկամներ: Բարեկամությանը նույնիսկ չի խանգարի այն, որ Հայաստանն ընտրել է Եվրասիական տնտեսական, իսկ Վրաստանը՝ Եվրոպական միությունները։ «Այս հանգույցում մենք տեսնում ենք նաեւ որոշակիորեն լուսավոր կետեր, որ մենք համատեղ մեկս մյուսին նպաստելով կկարողանանք մեր բարեկամական մթնոլորտի եւ մեր տնտեսական իրավիճակները համատեղել, այս իրավիճակում ավելի ամրապնդել մեր երկու պետությունների բարեկամությունը»,- ասում է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։

Իր հայ պաշտոնակցի ասածին Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին հավելում է. «Հայաստանի ընտրած Եվրասիական ուղին եւ Վրաստանի ընտրած դեպի ԵՄ ուղին չպետք է խոչընդոտ հանդիսանան մեր երկու երկրների հարաբերություններում։  Ընդհակառակը՝ մենք պետք է կարողանանք դրանք օգտագործել ի շահ մեր ժողովուրդների, մեր երկրների»։

Ի դեպ՝ Վրաստանի խորհրդարանի նախագահն իր խոսքում հստակեցրեց.  հայ գործընկերոջ հետ համաձայնության են եկել. «Բարեկամ լինելը չի նշանակում միշտ նույն դիրքորոշման լինել»։

Վրաստանի խորհրդարանի նախագահին քննարկումների ժամանակ հետաքրքրել է նաեւ տարածաշրջանային ընդհանուր իրավիճակը։ «Մենք քննարկեցինք տարածաշրջանում ստեղծված իրավիճակը եւ համակարծիք ենք, որ տարածաշրջանում պետք է լինեն բարեկամության վրա հիմնված հարաբերություններ, որ սպառազինությունը պետք է դադարեցվի եւ խաղաղության հասնենք ոչ թե պատերազմի եւ զենքի միջոցով, այլ՝ բանակցությունների ճանապարհով»։

Գալուստ Սահակյանն իր հերթին հավելեց, որ երկու երկրների փոխհարաբերությունները միակողմանի շահերի վրա չի կարող հիմնված լինել: Համագործակցությունը խորացնելու համար եւ բոլոր առաջացած խնդիրներն ավելի արագ քննարկելու նպատակով դիտակել են խորհրդարանական խմբերի ակտիվացման հարցը: Երկու երկրների խորհրդարանների նախագահներն իրենց ասելիքը լրագրողներին փոխանցելուց հետո միայնգամից հեռացան՝ հրաժարվելով պատասխանել լրագրողների հարցերին:

Back to top button