Քաղաքական

Քաղաքական հետապնդման խնդիր չկա. Գալուստ Սահակյան

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելուն ուղղված քայլերին, վստահեցրել է, որ թե՛ ինքը, թե՛ իրենց քաղաքական թիմը փորձել են այնպես անել, որպեսզի լարվածություն չառաջանա խորհրդարանում և համագործակցություն լինի։ «Բայց դա էլ իր վերջն ու վախճանը պետք է ունենար»,-  ասել է Գալուստ Սահակյանը:

Հարցին, թե մինչ այժմ Ծառուկյանի հարգելի համարված բացակայություններն ինչպե՞ս են անհարգելի համարվելու, ԱԺ նախագահը պատասխանել է. «Ես կարծում եմ, որ երբ արդեն ուսումնասիրությունները ավարտվեն, այդ ժամանակ նաև կասվի ձեզ, հանձնարարվել է աշխատակազմին, կներկայացնենք կզեկուցեն, այնուհետև կասեմ»։

Դիտարկմանը, թե Ծառուկյանի ձեռնարկատիրական գործունեությո՞ւնը, թե՞ բացակայություններն են մանդատից զրկելուն ուղղված քայլերի պատճառը, Գալուստ Սահակյանը ասել է. «Ձեռնարկատիրական գործունեությունը ԱԺ նախագահի լիազորությունների շրջանակում չէ… Կներկայացվի, կքննարկվի, ձեզ էլ տեղյակ կպահվի, ուսումնասիրությունը բևեռված չէ, բոլոր խմբակցություններին է վերաբերում, քաղաքական հետապնդման խնդիր գոյություն չունի»։

Իսկ եռյակի կողմից փետրվարի քսանին կազմակերպվելիք համապետական հանրահավաքի մասին Գալուստ Սահակյան ասել է. «Ես չեմ մասնակցելու, տագնապների կողմնակից չեմ, որ մտածեմ, ինչ է լինելու»։

Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ նախագահը ասել է այն մասին, որ քաղաքականությամբ պետք է զբաղվեն միայն քաղաքականությունից հասկացող ու գրագետ մարդիկ, սակայն ԱԺ նախագահն էլ չի փայլում իր գրագիտությամբ, վերջինս արձագանքել է. «Գիտե՞ք դա ինչից է գալիս՝ ես ուսուցիչ եմ, բայց լավ ուսուցիչ չեմ եղել, դրա համար էլ Դուք այսօր այդ վիճակի մեջ եք»։

Back to top button