
Ոստիկանությունում իրականացվող «բարեփոխումների» շրջանակում վերջին օրերին աշխատանքից ազատվել են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող տարածքները հսկող պետական պահպանության գլխավոր վարչության բազմաթիվ աշխատակիցներ:
Ոստիկանությունը պարբերաբար ստուգումներ է իրականացվում Պետական պահպանության գլխավոր վարչությունում (ՊՊԳՎ) և այն ծառայողները, ովքեր չեն համապատասխանում Ոստիկանության ՊՊԳՎ աշխատակիցների համար նախատեսված չափանիշներին, ոչ պրոֆեսիոնալ են, ազատվում են աշխատանքից, Tert.am–ին հայտնել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ մեկնաբանելով լուրերը, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող տարածքների պահպանությամբ զբաղվող ՊՊԳՎ շուրջ 200 աշխատակից աշխատանքից ազատվել է:
«Եվ խնդրում եմ սա դիտարկել Ոստիկանությունում ընթացող բարեփոխումների շրջանակում»,- ավելացրել է Աշոտ Ահարոնյանը:
Նշենք, որ օրենքը թույլատրում է, որպեսզի ՊՊԳՎ աշխատակիցները փոխարինվեն մասնավոր ընկերության պահնորդներով, այն տարբերությամբ միայն, որ վերջիններս չեն կարող զինված լինել, այլ միայն կարող են օգտվել հատուկ միջոցներից:




