Հասարակություն

Վալերի Պերմյակովից վերցված փորձանմուշներում թմրամիջոցի, հոգեմետ նյութերի հետքեր կամ ալկոհոլ չեն հայտնաբերվել

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործով ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով բավարարվել է տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանի՝ 2015թ. փետրվարի 10-ի միջնորդությունը:

Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ բջջային օպերատորներից ստացվել են Վալերի Պերմյակովի կողմից մինչև դեպքն օգտագործված հնարավոր բջջային հեռախոսահամարի, Ավետիսյանների ընտանիքի անդամների կողմից օգտագործված և Վալերի Պերմյակովի կողմից դեպքի վայրից իր հետ վերցրած բջջային հեռախոսահամարների ելքային և մուտքային հեռախոսազանգերի վերծանումները, դրանք սպասարկած ալեհավաքների վերաբերյալ տեղեկությունները` դեպքից առնվազն մեկուկես ամիս նախորդած ժամանակահատվածից մինչև Վալերի Պերմյակովի հայտնաբերումը:
Վերը նշված հեռախոսահամարների վերծանումներն ուսումնասիրվում են, հարցաքննվել և հարցաքննվում են ելքային և մուտքային հեռախոսազանգերի բաժանորդները:

Ուսումնասիրվել են Վալերի Պերմյակովի կողմից Ավետիսյանների տանից վերցրած հեռախոսահամարների, այդ թվում՝ 2015թ. հունվարի 11-ին և 12-ին կատարված ելքային և մուտքային հեռախոսազանգերը:

Ավետիսյանների տանից վերցված բջջային հեռախոսներում գործի համար նշանակություն ունեցող տեղեկատվություն, այդ թվում SMS հաղորդագրություններ պարունակելու վերաբերյալ տվյալներ ստանալու, ինչպես նաև ջնջված տեղեկատվություն վերականգնելու և մի շարք այլ հարցեր պարզաբանելու նպատակով քրեական գործով նշանակվել է համակարգչատեխնիկական փորձաքննություն:

Քրեական գործի շրջանակներում քննություն է տարվում՝ պարզելու նաև ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռազմաբազայի թիվ N զորամասում Վալերի Պերմյակովին պահակային ծառայության նշանակելու, նրա կողմից զորամասը լքելու, ինչպես նաև ՌԴ-ում ծառայության ընթացքում Վալերի Պերմյակովի կողմից ծառայությունը Գյումրիում տեղակայված զորամասում իրականացնելու համար նախաձեռնություն ցուցաբերելու հանգամանքները: Այս հարցերի շուրջ հարցաքննվել են նշված զորամասի մեկ տասնյակից ավել զինծառայողներ և հրամանատարներ, համապաասխան հարցումներ են ուղարկվել իրավասու մարմիններին: քննությունն այդ մասով ևս շարունակվում է:

Ինչ վերաբերում է Վալերի Պերմյակովի կողմից խլացուցիչ զենքով կրակոցներ արձակելու վարկածին, ապա թեև նախաքննությամբ որևէ տվյալ ձեռք չի բերվել՝ Վալերի Պերմյակովի կողմից խլացուցիչ զենքից կրակոցներ արձակելու վերաբերյալ, սակայն հնարավոր բոլոր վարկածներն ստուգելու և չփարատված կասկած չթողնելու նպատակով բավարարվել է փաստաբան Երեմ Սարգսյանի միջնորդությունը և փորձագետի պարզաբանմանն է առաջադրվել հետևյալ լրացուցիչ հարցադրումը, թե դեպքի վայրից առգրավված և փորձաքննությանը ներկայացված AKC 74 տեսակի ինքնաձիգի վրա խլացուցիչ ամրացնելու հնարավորություն առկա՞ է, թե՝ ոչ, այդ ինքնաձիգի վրա կա՞ն արդյոք հետքեր, որոնք վկայում են դրա վրա խլացուցիչ ամրացնելու և հանելու մասին:

Քրեական գործով ստացվել են Վալերի Պերմյակովի և ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայողի կողմից ալկոհոլ կամ թմրամիջոցներ, հոգեմետ դեղեր օգտագործելու հանգամանքն ստուգելու նպատակով նշանակված դատաքիմիական փորձաքննությունների եզրակացությունները, որոնց համաձայն՝ Վալերի Պերմյակովից և վերջինիս հետ պահակային ծառայության մեջ ընդգրկված, ՌԴ 102-րդ ռազմաբազայի ևս 12 ժամկետային զինծառայողից վերցված փորձանմուշներում թմրամիջոցի, հոգեմետ նյութերի հետքեր կամ ալկոհոլ չեն հայտնաբերվել:

Նախաքննությունը շարունակվում է: Քննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ:

Back to top button