Հասարակություն

Այգեպարցու երազանքը. «Ուզում եմ բոլորի նման հանգիստ, խաղաղ ու ազատ ապրել»

hasmikdilanyan

Քաղաքականությունից հեռու, սակայն՝  քաղաքականության  մեջ.  Տավուշի մարզի Այգեպար համայնքում քաղաքականության մասին հիշում են ամեն օր, երբ տների, դպրոցի ու մանկապարտեզի ուղղությամբ  ադրբեջանական կողմից  լսվում են կրակոցներ:

Երբ 1986թ  Արմենուհի Զուռնաչյանը, ավարտելով Գյումրիի մանկավարժական ինստիտուտը, ծննդավայրից Այգեպար գործուղվեց, ամեն ինչ  հանգիստ էր: Եկավ՝ մի քանի տարով, բայց արդեն 30 տարի է բնակվում է  Այգեպարում: Արմենուհին  նախ Այգեպարի բնությամբ  տարվեց, հետո նրան գրավեց այգեպարցիների՝   մարդու հանդեպ ունեցած  պարզ ու անկեղծ  վերաբերմունքը, հետո արդեն՝  հանդիպեց ապագա ամուսնուն ու մինչ օրս ապրում ու աշխատում  է այստեղ:

30 տարիներից միայն չորս կամ հինգ տարիներն են, որ խաղաղ են եղել: Երբ զրուցակիցս Այգեպար էր գործուղվել , պատերազմի , հայ-ադրբեջական  սահմանի մասին գաղափար անգամ չուներ: Գիտեր միայն՝  Այգեպարը սահմանակից է հարևան ու այն ժամանակ դեռ  բարեկամ Ադրբեջանին:

Մանկավարժի ընտանիքն առաջիններից էր, որ հասկացավ՝ Թովուզ կայարանում ինչ-որ բան այնպես չէ: Ամուսնու ծնողներն աշխատում էին  Այգեպարի պահածոների գործարանում, որտեղ մթերվում էր հիմնականում ադրբեջանական գյուղերից  ներկրվող պտուղ-բանջարեղենը: Աստիճանաբար դրանց թիվն սկսեց նվազել, մի օր էլ՝   անցակետ դրվեց:

Այդ օրվանից քիչ ժամանակ անցավ, հնչեց առաջին կրակոցը, դրան հաջորդեցին մյուսները, հետո՝ ռմբակոծություններ, մահ ու պատերազմ։ Երկար տարիներ այս ընտանիքն իր բախտակից շատ ու շատ ընտանիքների նման էր օրերն անցկացնում նկուղներում: Պատերազմն իր կնքիը թողեց ինչպես զրուկցակցիս, այնպես էլ սահմանամերձ համայնքների բոլոր բնակիչների վրա:

«Հիսուն տարեկան չկամ, բայց շաքարային դիաբետ ունեմ»,- ասում է տիկին Արմենուհին ու  շատ կարճ դրվագ ներկայացնում պատերազմի ու իր ապրած տարիներից: «Եղել է, որ ականը կողքիս է պայթել, հոսանքն ինձ շպրտել է երկու երեք մետր։ Եկել եմ տուն, որ տանից սնունդ տանեմ նկուղ։ Օրերով ու ժամերով մութ ու խոնավ նկուղներում ենք անցկացրել»։

Մեր զրույցի պահին էլ Այգեպարի դպրոցի բակում  լսվեցին կրակոցներ. Կրկին վախեցած  ու խուճապի մատնված աշակերտներ: Երեք տասնամյակ Այգեպարի դպրոցում աշխատող մանկավարժն այսօր էլ նկատում է՝ երեխաները, թեև  մարտական գործողությունների ականատես չեն եղել, սակայն նրանք էլ  առողջության հետ կապված խնդիրներ ունեն:

Այգեպարի դպրոցն  ու մանկապարտեզն   ուղիղ  ադրբեջանական կրակահերթի տակ են, երեխաներին չեն  համարձակվում թողնել , որ դպրոցի,  մանկապարտեզի  կամ  էլ իրենց տան  բակերում  խաղան, վտանգավոր է, ցանկացած պահի կարող են կրակոցներ հնչել: Սահմանապահ գյուղի ամեն մի բնակիչ գիտակցում է, որ ինքն է հայրենիքը  պահողը, սակայն, որքան էլ գիտակցեի,  միևնույնն է՝  սոցիալական խնդիրներն ավելի զորեղ են։ «Երազած 90 հազարը երբեք չեմ ստացել, 50 հազար դրամ։ Հիմա ենթադրենք դուք եք, կապրե՞ս  այդ աշխատավարձով»։

Քաղաքականությունից հեռո զրուցակիցս մի երազանք ունի.  «Ուզում եմ բոլորի նման հանգիստ, խաղաղ ու ազատ ապրել»:

Կարդացեք նաև

Back to top button