Քաղաքական

ԱԺ նախագահը հանձնարարել է ուսումնասիրել Ծառուկյանի բացակայություններն ու դրանց հիմքերը

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հանձնարարել է ուսումնասիրել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բացակայությունները և դրանց հիմքերը, «Արմենպրեսին» հայտնել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։ «Եթե այդ բացակայությունների հիմքերը հիմնավոր չլինեն, դրանց հիման վրա Ազգային ժողովի նախագահը որոշում կկայացնի, որից հետո խմբակցությունը կքննարկի և կհայտնի իր դիրքորոշումը»,- նշել է Բաղդասարյանը։

Հարցին, թե հնարավո՞ր է, որ արդեն հաջորդ քառօրյայի ընթացքում քննարկվի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցը, Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ դա արդեն իր որոշելու խնդիրը չէ: Նա խորհուրդ է տվել այդ հարցով դիմել Ազգային ժողովի նախագահին։

ՀՀԿ խորհրդի նիստի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում  անդրադարձել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ ԱԺ նիստերից բացակայելու հանգամանքին: Նա ընդգծել է, որ 2013-2014թթ. ՀՀ ԱԺ գումարած 145 նիստերից Գագիկ Ծառուկյանը մասնակցել է միայն 4-ին։ «Եթե նա այդ աստիճանի արհամարհում է իր ընտրողներին և Ազգային ժողովի դերը, մենք դրա իրավունքը չունենք. մենք պատասխանատու ենք ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների համար: Մեր պատգամավորները վաղվանից կնախաձեռնեն նման անհեթեթ վիճակին վերջ տալու համար անհրաժեշտ քայլերը»,- ասել է նախագահ Սարգսյանը։

Back to top button