Քաղաքական

ԱԺ-ում քննարկվելու է Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցը

arminegevorgyan

«Ինչո՞ւ է պատերազմ, կոշտ շեշտադրում չէ, պարզապես հստակ մենք մեր ծրագրերն իրականացնելու ենք: Եթե որևէ մեկը չի կարողանում քաղաքական դաշտում պաշտպանվել, ուրեմն ինքը քաղաքական ուժ չէ»,- ՀՀԿ խորհրդի նիստից հետո, խոսելով նախագահի ելույթի մասին՝ լրագրողներին ասաց ՀՀԿ –ական պատգամավոր Վարդան Այվազյանը: Իսկ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն էլ ասաց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մադատից զրկելու հարցը քննարկվելու է Ազգային ժողովում:

«Այդ հարցը անպայման քննարկման առարկա է լինելու, այդ մասին խոսեց նաեւ Ազգային ժողովի նախագահը՝ ընդունելով իր մեղքը, որ ժամանակին դա չի արել»,- ասաց Գագիկ Մելիքյանը:
Գագիկ Մելիքյանի խոսքով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթով իրերն սկսեցին իրենց անունով կոչվել: Այսինքն թալանչին չի կարող բարերար լինել: Իրական հարկային դաշտում աշխատող որեւէ գործարար չի կարող այդպիսի բարեգործություններ իրականացնել ու նման հարստություն դիզել»,- ասաց Գագիկ Մելիքյանը:

ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն էլ ԱԺ նիստերից Գագիկ Ծառուկյանի բացակայությանն անդրադառնալով՝ ասաց, որ նայելու են, թե ի՞նչ է նշանակում նիստերի կեսից ավելիից անհարկի բացակայել: «Դրա շրջանակներում դուք գործընթացները կտեսնեք: Մենք ունեցել ենք մի նման նախադեպ ԱԺ պատմության ընթացքում»,- ասաց նա: Ըստ Թովմասյանի՝ պետություն է կառուցվում, դրա ժամանակ կան երևույթներ, որոնք պետություն կառուցելու ճանապարհին անհանդուրժելի են:

«Հանդուժողականությունը կարելի է դրսևորել մինչևայն աստիճան, երբ որ դիմացինը անցնում է ռուբիկոնը` գիտակցելով կամ չգիտակցելով: Երկու դեպքն էլ վատ է, և խոսում է կրթական տարրական ցենզի և քաղաքականության իրական ընկալման բացակայության մասին: Մենք այսօր հերթական անգամ ասացինք այն, ինչը բոլորը գիտեին: Ժամանակն է պարզեցնել Հայաստանի քաղաքական դաշտը և թողնել բացառապես քաղաքական դերակատարներին, այն մարդկանց, ովքեր հասկանում են, թե ինչ բան է քաղաքականությունը, ովքեր կարող են վաղը մյուս օրը երկիր ներկայացնել, բանակ կառավարել, թողնել նրանց, ում տարրական կրթական ցենզը ներում է չլինել «Դոդի Գագո», այլ լինել «պարոն էսինչյան», ասել է Արմեն Աշոտյանը:

«Երկրում կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, բայց այդ երևույթների դեմ պայքարելու և խնդիրների լուծման ճիշտ ճանապարհը քարոզվող անգրագիտությունը չէ և այդ անգրագիտության վրա ձեռքերը տաքացնող քաղաքական հաշվարկները չեն: Գագիկ Ծառուկյանը ինքն էլ վաղուց պետք է հետևություններ աներ իր գործողությունների վերաբերյալ: Հիմա եթե ինքը պատրաստ է քաղաքական պայքարին, ապա մենք կտեսնենք նրան քաղաքական դաշտում և կհասկանանք»,- ասաց Սամվել Ֆարմանյանը: Արդյո՞ք ուշացած չէին Սերժ Սարգսյանի «պատժամիջոցները»՝ ուղղված Գագիկ Ծառուկյանին, և արդյո՞ք ելույթը կոպիտ չէր, Սամվել Ֆարմանյանը պատասխանեց. «Նախագահի ելույթը կոպիտ չէր, ինչ-որ առումով երկար սպասված էր, գնահատական էր այն երևույթներին, որ Հայաստանում գոյություն ունեն»:

Back to top button