Հասարակություն

Պերմյակովին հանձնելու պահանջով բողոքի ակցիա

arminegevorgyan

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

ՀՀ գլխավոր դատախազության մոտ են այսօր հավաքվել «Միանում» շարժման մասնակիցները՝ Գյումրիի սպանդի գործով մեղադրյալ Վալերի Պերմյակովին Հայաստանի իրավազորությանը փոխանցելու պահանջով։ Ակցիան նախաձեռնող խումբը ավելի վաղ տարածած հաղորդագրության մեջ նշել էր, որ «Ավետիսյանների ընտանիքի սպանդից անցել է մեկ ամիս, սակայն ժողովրդի պահանջը դեռ չի իրականացվել՝ մեղադրյալը չի փոխանցվել ՀՀ իրավապահներին»:

Ակցիայի մասնակիցները ձեռքներին պաստառներ ունեին՝ «Սուգը հավերժ է, եթե չկա պայքար», «Մեր պահանջն արդար է», «Պերմյակով կամ հրաժարական» և այլ գրություններով:

Մասնակիցները նաև գխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից պահանջել են գործել թափանցիկ և հրապարակել ռուսական կողմին ուղարկված դիմումի պատասխանը, երաշխիքներ տալ, որ Վալերի Պերմյակովին կփոխանցեն ՀՀ իրավապահներին:

Վերջիններս նամակ են հանձնել դատախազության աշխատակցին,որում ներկայացվում էր ակցիայի մասնակիցների պահանջը:

Հիշեցնենք, որ ուղիղ մեկ ամիս առաջ՝ հունվարի 12-ին, Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի սեփական տներից մեկում տեղի ունեցած սահմռկեցուցիչ սպանության մեջ մեղադրվում է102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը: Նա մեղադրվում է Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքին, այդ թվում՝ 1,8 տարեկան Հասմիկին և 6-ամսական Սերյոժային դաժանաբար սպանելու մեջ:

Back to top button