Հասարակություն

Մայր Աթոռի սոցիալական ծառայության կենտրոնը դրամական աջակցություն է ցուցաբերել 25 հազար անձի

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի կողմից 2014 թ. հունվարին հիմնադրվել է Մայր Աթոռի սոցիալական ծառայության կենտրոնը: Կենտրոնի հիմնադրության ելակետային կարևորագույն հանգրվաններից մեկը հանրային կյանքի բարեկարգումն է, բոլոր հնարավոր միջոցներով աջակցություն ցուցաբերելը ազգաբնակչության առավել կարիքավոր, խոցելի խմբերին (փախստականներ կամ տեղահանվածներ, սիրիահայեր, քեսաբահայեր, իրաքահայեր, ազատամարտիկներ, հաշմանդամներ, ծնողազուրկ երեխաներ, տարեցներ, ուսանողներ, հիվանդներ): Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մայր Աթոռի Սոցիալական ծառայության տնօրեն Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանը:

«Կենտրոնի հիմնական նպատակն է՝ աջակցել ամենից ավելի կարիքավորներին, ամեն օր առնվազն մեկ ընտանիքի»,- նշեց նա:

Կենտրոնի առաջին աջակիցն է եղել «Էկլոֆ Հայաստան» հիմնադրամն իր 70 միլիոն դրամ ներդրումով:

2014 թվականին Մայր Աթոռի սոցիալական ծառայության կենտրոնը, ըստ Տեր Իսահակի, դրամական և բարոյական աջակցություն է ցուցաբերել 25 հազար անձի՝ 1,5 միլիոն դալորի և 80 միլիոն դրամի սահմաններում:

Մայր Աթոռը 1,5 միլիոն դոլար է փոխանցել Սիրիայում ապրող հայերին, ինչպես նաև Հայաստան տեղափոխված սիրիահայերին, աջակցություն է ցուցաբերել զոհված, հաշմանդամ, համաժամանակ երկու և ավելի զինծառայող ունեցող ընտանքիներին:

Այս տարի, Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանի խոսքով, կենտրոնն առավել ընդլայնելու է իր գործունեության շրջագիծը՝ ավելի շատ մարդկանց աջակցելու համեր: Արդեն իսկ մեկնարկել են տարբեր ծրագրեր, նախատեսվում է նաև որոշ գրքերի տպագրություն և վերատպություն, որոնցից գոյացած հասույթը տրամադրվելու է կենտրոնի առաջիկա ծրագրերի առավել արդյունավետ իրականացմանը: Ամենատարբեր խնդիրներ ունեցող հիվանդ երեխաներին աջակցելու նպատակով կազմակերպվելու են դրամահավաքներ:

Back to top button