Հասարակություն

Աղձքի պեղումները շուտով կսկսվեն

sonahakobyan
Աղձքի պեղումները բացառիկ են մեր պետության ինքնաճանաչման առումով: Արագածոտնի մարզում Աղձքի հայոց արքաների դամբարանի պեղման ծրագրի մասին է այսօր խոսել Մշակույթի նախարարության  «Պատմամշակութային ժառանգություն» գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն, ծրագրի կատարող և արշավախմբի ղեկավար Հակոբ Սիմոնյանը: Ներկայացնելով պեղումների ծրագիրը և դրա պատմամշակութային նշանակությունը՝ Հակոբ Սիմոնյանը նշել է, որ ցանկանում են շուտ սկսել պեղումները, որպեսզի ապրիլի 24-ին Հայաստան ժամանած պատվիրակությունները հնարավորություն ունենան ծանոթանալու վաղնջական հայկական հուշարձանին:

 

Աղձքի Արշակունյաց դամբարանը վաղ միջնադարյան միակ կառույցն է, որն ունի հստակ թվագրում, որին անդրադարձել են խոշոր պատմիչները, այդ թվում նաև Խորենացին, Բյուզանդը: Հնագիտական պեղումներն, իհարկե, տարեց տարի մեծ տարածում են ստանում և ամեն տարի պեղումների է ենթարկվում 55-60 հուշարձան, սակայն Արագածոտնի մարզում Աղձքի հայոց արքաների դամբարանի պեղումները բացառիկ են ոչ միայն պատմական, այլև ազգային ինքնության ճանաչման առումով, նկատեց ՀՀ մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգություն գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն, ծրագրի կատարող և արշավախմբի ղեկավար Հակոբ Սիմոնյանը: Աղձքի հայոց արքաների դամբարանը միշտ եղել է պետության ուշադրության կենտրոնում, իսկ առաջին պեղումները սկսվել են դեռևս 1974 թվականին, դարձյալ Հակոբ Սիմոնյանի կողմից:

«1974 թվականին կատարվում էր հուշարձանի բարեկարգման աշխատանքներ:  Այդ ժամանակ էլ հայտնաբերբեցին խիստ հետաքրքիր քանդակներ՝ արքայական որսի գրեթե ամբողջ տեսականին, որը միակն է առաջավոր Ասիայում»:

Հաջորդ պեղումներն իրականացվել են 2001 թվականին արքայական դամբարանի մի փոքր տարածքում: Քանի որ ամբողջական պեղումներ այդպես էլ չեն կատարվել, կառավարության որոշմամբ նախատեսվում է Աղձքի դամբարանի համատարած պեղումներ, որը կատարելու է մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգություն գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը՝ Հակոբ Սիմոնյանի գլխավորմամբ:

«Ծրագիրը նախատեսում է բացել ամբողջ տարածքը, տեսնել ինչպիսի կառույցներ կան, որովհետև արքաներին հենց այնպես չէին թաղի: Այսինքն մոտակայքում կա եկեղեցի, հնագույն եկեղեցիներից մեկը և պարզել եկեղեցին է վաղ, թե արքայական դամբարանը»:

Մինչ այժմ ընդունված է համարել, որ Հայաստանում եկեղեցիների պատմությունը սկսվում է 5-րդ դարից: Եթե պարզվի, որ եկեղեցին ավելի շուտ է կառուցվել, քանի դամբարանը, ինչը ավելի տրամաբանական է, ապա վերջնականապես կապացուցվի, որ եկեղեցաշինությունը Հայաստանում զարգացած է եղել դեռևս 4-րդ դարում:

Դամբարանի համալիր պեղումները նախատեսված է իրականացնել մինչը 2017 թվականը: 3 տարի տևողությմաբ պեղումների համար հատկացվել է 50 մլն դրամ, որից միայն 17 մլն-ը՝ այս տարվա համար: Հակոբ Սիմոնյանի տեղեկացմամբ՝ դամբարանում պեղումները կսկսվեն առաջիկայում՝ կախված եղանակային պայմաններից:  Արշավախմբի նպատակն է ապրիլի 24-ին Հայաստան այցելող հյուրերին ցույց տալ նաև Աղձքի հայոց արքանների դամբարանը:

Back to top button