
ՀՀ ԱԳՆ-ի խոսնակ Տիգրան Բալայանը Twitter-ի իր էջում գրառումներ է արել՝ Մյունխենի անվտանգության հարցերով կոնֆերանսի արդյունքների ամփոփմամբ:
Նա մասնավորապես նշել է, որ «Մյունխենի անվտանգության կոնֆերանսում Ադրբեջանի նախագահը ներկայացրել է ինքնորոշման սկզբունքի մասին սեփական աղավաղված պատկերացումները»:
Խոսնակ Բալայանը շեշտել է, որ Ադրբեջանի Նախագահը հրաժարվել է հավատարիմ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից զերծ մնալու սկզբունքից՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում:
Իր երրորդ թվիթում Բալայանը նկատում է, որ Ադրբեջանի նախագահը հրաժարվել է պահպանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման երեք սկզբունքները, որոնք առաջարկել էին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները:
Բոլոր երեք թվիթներում Բալայանը նշել է Ադրբեջանի նախագահ Ալիևին և ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին: Վերջինս նույն միկրոբլոգների ցանցի իր պաշտոնական էջում առայժմ չի արձագանքել Բալայանի դիտարկումներին:




