
Ռուս քննիչները քրեական գործ են հարուցել Բալեյ քաղաքի զինկոմիսարիատի բաժնի ղեկավար Ալեքսանդր Լոգինովսկու դեմ, ով զորակոչել է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին, ինչպես նաև` զորամասի հրամանատար Եվգենի Սոցկովի դեմ, հաղորդում է LifeNews-ը:
Զինվորականներին կասկածում են անփութության համար, որը կարող էր ողբերգության պատճառ դառնալ:
Զինկոմիսարիատի բաժնի ղեկավարը կասկածվում է, որ ի սկզբանե ծառայության է թույլ տվել զորակոչիկի, որը հոգեկան շեղումներ ունի, ընդ որում` փաստաթղթերին կցելով դրական բնութագիր: Քննիչները կարծում են, որ զինկոմիսարիատի բաժնի ղեկավարը կարող էր բնութագիրը զորակոչիկի գործին հատուկ կցել, որպեսզի Վալերի Պերմյակովին ուղարկեր ծառայելու:
LifeNews-ը հայտնում է, որ Գյումրիում Ավետիսյանների 7-հոգանոց ընտանիքի սպանության համար մեղադրվող 19-ամյա զինծառայողը դեռևս Չիտայում ծառայության ժամանակ մեկ ամսից ավելի եղել է կլինիկական զինվորական հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքում:
Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել:
Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը։
Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս և հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:




