

2015-ի մարտին Երևանում կբացվի «Կարֆուր» ֆրանսիական սուպերմարկետը: Այդ մասին այսօր հայտարարել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն: Հայաստանում իր պաշտոնավարման ընթացքում թվով երկրորդ մամուլի ասուլիսում նա այսօր անդրադարձել է մասնավորապես Հայաստան-Ֆրանսիա, ԵՄ հարաբերություններին, խոսել առաջիկա համատեղ ծրագրերի մասին: Իսկ մինչ այդ դեսպանն անդրադարձել տարեսկզբին Ֆրանսիայում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչությանը:
«Այդ սարսափելի հանցագործության թիրախը ոչ միայն Ֆրասիան էր, այլև խոսքի, արտահայտվելու ազատությունը, ինչը մեզ համար ամենաթանկն է», -Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն դրանով է պայմանավորում զգացմունքային այն մեծ ցնցումը, որն ապրեց Ֆրանսիան հունվարյան ահաբեկչությունից հետո: Ֆրանսիացիների հակազդեցությունը կատարվածին դրսևորվեց աննախադեպ երթով, որին տասնյակ հազարավոր ֆրանսիացիների հետ միասին մասնակցում էին նաև բազմաթիվ երկների առաջնորդներ:
«Կրոնական հողի վրա ծայրահեղականության դրսևորման վտանգն այսօր Ֆրանսիայում արդիական է, ինչը ստիպում է իշխանություններին ահաբեկչության դեմ պայքարը խստացնել ոչ միայն Ֆրանսիայում, այլև նրա սահմաններից դուրս: Ժողովրադավարական արժեքների պահպանումն այսօր առավել քան երբևէ կարևորում ենք»,-ընդգծեց ֆրանսիացի դեսպանը: Շուրջ երեք ամսյա պաշտոնավարման ընթացքում հայ լրագորղների հետ թվով երկրորդ մամլո ասուլիսում Ժան Ֆրանսուա Շարպանտիեն անդրադարձավ նաև Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերություններին:
«Առևտրատանտեսական հարաբերությունների զարգացման համար պետք օգտագործենք բոլոր հնարավոր գործիքները»,-ասաց դեսպանը: Խոսեց տարվա համար նախանշված առանցքային մի քանի իրադարձությունների մասին, դրանց թվում հայոց ցեղասպանության 100-ամյակի առիթով Ֆրանսուա Օլանդի այցն է Հայասատան ՝ ապրիլի 24-ին:
Անդրադառնալով ԵՏՄ-ի Հայաստանի անդամակցությանն ու դրա հնարավոր ազդեցությանը Հայաստան-ԵՄ հարաբերությունների վրա, ֆրանսիացի դիվանագետը նշեց.«Դեռևս չեմ նկատել այնպիսի թվային հաշվարկներ, որոնք կարող են ազդել Հայաստան-ԵՄ հարաբերությունների վրա: Կարծում եմ անդամակցությունը չի ազդել այդ հարաբերությունների վրա»:
Դեսպանի տեղեկացմամբ ամենայն հավանականությամբ 2015-ի մարտին Երևանում կբացվի «Կարֆուր» ֆրանսիական սուպերմարկետը: Նախապատրաստական աշխատանքների փուլն ավրատված է:




