Հասարակություն

Տաքսիների լիցենզավորման կարգ` «կողմ»-երին ավելանում են «դեմ»-երը

lianaeghiazaryan

Տաքսիների լիցենզավորման կարգի՝ ուժի մեջ մտած փոփոխությունը մասնավոր մեքենայով տաքսի ծառայություն մատուցող անհատների համար զգալի դրական փոփոխություններ ու թեթեւացումներ է ապահովում: Բայց այն նաեւ որոշ բացթողումներ ունի. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը: Իսկ այն, որ տաքսիստները դժգոհությամբ են արձագանքել փոփոխություններին, ավելի շուտ ոչ լավ իրազեկման հետեւանք է:

Ինչպես է պատահում, որ նույն ճանապարհն անցնելու համար քաղաքացին ստիպված է լինում մեկ մի գումար վճարել, մեկ՝ այլ: Մեր երկրում կարելի է ամեն օր տաքսի նստել, գնալ նույն կետից մյուսը, և ամեն օր տարբեր գումար վճարել: Որքանով մեծ կամ փոքր կլինի վճարվող ուղեվարձը, կախված է նրանից, թե հաշվիչներն ինչպես են կարգավորված: Սա խնդիրներից մեկն է միայն: Մեր շուկայում գրեթե բոլոր տաքսի ծառայությունները որպես նվազագույն ուղեվարձ նշում են 600 դրամը:

Բայց այդ ուղեվարձի գանձումն արդեն տրամաբանության շրջանակներից դուրս է գալիս: Նվազագույն ուղեվարձը 600-ից 700-ի փոխվում է ոչ թե 6, այլ արդեն 3-4 կմ անցնելուց հետո: Այդպես են որոշել տաքսի ծառայության տերերը: Թվում է՝ տաքսիով երթեւեկելը թեեւ ավելի թանկ, բայց ավելի հարմարավետ պետք է լինի, բայց հայ շարքային քաղաքացին այս ու բազմաթիվ նման խնդիրների է առնչվում ամեն օր: Տաքսիների լիցենզավորման կարգի՝ ուժի մեջ մտած փոփոխությունը լուծում է տալիս այս հարցին: Նախարարությունը տաքսիների նվազագույն ուղեվարձը սահմանելուն միջամտելու իրավասություն չունի, բայց նոր կարգը կարող է կանխել հաշվիչների ամենատարբեր մանիպուլյացիաները:

Ավելի կոնկրետ՝ նոր կարգը պարտադրում է՝ լիզենզավորված բոլոր տաքսիները պետք է ունենան հաշվիչ, հաշվիչները պետք է լինեն ստուգաչափված, բացի այդ՝ տաքսու արտաքին մասում՝ ասենք դռան վրա, տեսանելի կերպով պետք է տեղադրված լինի տեղեկություն ծառայության նվազագույն արժեքի, մեկ կիլոմետրի արժեքի եւ այլնի մասին: Ոլորտի պատասխանատուները վստահեցնում են՝ նոր կարգն անհատ տաքսիստների տուրքերը թեթևացնում է 4 անգամ՝ ամսական տուրքը սահմանվել է 12 հազար դրամ: Կրճատվել են գործունեության լիցենզիա ձեռք բերելու ընթացակարգերը: Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը հավելում է՝ նոր կարգը սահմանում է տաքսիների կահավորման բոլոր պահանջները: Փոփոխությունն, ինքնին, դրական է, բայց սեփականատերերի համար բազմաթիվ բացթողումեր կան. շեշտում է Սահակյանը:

«Վերջնականապես ունեցանք օրենք, որով մասնավոր բիզնեսի համար լուրջ փոփոխություն է արվել, և այս մարդիկ շատ հանգիստ կարող են մի քանի օրվա ընթացքում ամսական 12 000 դրամ վճարելով, այն էլ մայրաքաղաքում աշխատելու համար, մարզերում ավելի քիչ է, և որի մեջ մտնում են պետական հարկերը, սոցվճարները և տեխստուգումները ու ստանան լիցենզիա»,- ասաց նա։

Նոր օրենքն ավելի պարզեցված է, նկատում է Սահակյանը: Հանվել է ամենօրյա տեխ- և բուժզննումների պահանջը:  Իրականում դա ձեւական էր, մարդիկ ամեն օր զննություն չէին անցնում, պարզապես ամսական 10-15 հազար դրամով թուղթ էին ձեռք բերում»,-նկատեց միության նախագահը: Իրականում այդ զննումն, իհարկե, անհրաժեշտ է, սակայն ոլորտի պատասխանատուներն իրենք էլ խոստովանում են՝ ամեն առավոտ մինչեւ ժամը 8-ը տեխնիկապես հնարավոր չէ շուրջ 2 հազար վարորդի բուժզննում կազմակերպել ու աշխատանքի ուղարկել, որքան էլ օրենքը պահանջի:

Նոր կարգով հանվել է դեղին համարանիշերի պահանջը: Փոխարենը լիցենզավորման ներդիրը կփակցվի մեքենայի դիմապակուն: Ըստ բանախոսի, սակայն, սա խնդիրներ կառաջացնի տաքսիներիˋ երկրի տարածքից դուրս գալու դեպքում: Նախկինում հաջողվել էր Վրաստանի հետ համաձայնության գալ, որ դեղին համարանիշերով մեքենաների մուտքն իրենց տարածք թույլատրվի, մինչդեռ դրանք սպիտակով փոխարինելը այլ խնդիրներ կառաջացնի:

Տաքսիների լիցենզավորման կարգի փոփոխությունը անհատների համար շահեկան է, ընկերությունների համար՝ ոչ, կարծում է Սահակյանը: Հիմա ավելի հեշտանում է առանձին տաքսի վարել, քան տաքսի ծառայությունում աշխատել: Նոր կարգով՝  այսուհետ ֆիզիկական անձինք կարող են մեկ ավտոմոբիլով տաքսի ծառայություն մատուցել առանց գրանցվելու պետական ռեգիստրում՝ միայն ունենալով սահմանված պահանջներին համապատասխան տրանսպորտային միջոց:

«Բռավո+» տաքսի ծառայության սեփականատեր Լյովա Ավետիսյանը մտահոգվում է՝ սա կբերի տասնյակ ընկերությունների լուծարման:
Մյուս կողմից, քանի որ դեղին պետհամարանիշերը վերանում են, հարց է ծագում՝ ումից պետք է գանձվեն տուգանքները, եթե մեքենայի համարները պատկանում են ֆիզիկական անձին, բայց այն գործում է տաքսի ծառայության մեջ:

Ի վերջո՝ մեկ այլ խնդիր էլ՝ տաքսու մեքենաների «տարիքային» սահմանափակումները հանելը բերեց նրան, որ շուկա մտան էժանագին ու հին մեքենաներ, ինչը խնդիր է անվտանգության առումով: Իսկ այն տաքսիստները, որոնք նախորդ օրենքի պահանջով նոր մեքենաներ էին գնել, մնացին վարկերի տակ:

 

Կարդացեք նաև

Back to top button