Փետրվարի 2-ին կմեկնարկի Ազգային ժողովի 5-րդ գումարման 7-րդ նստաշրջանը: Նախորդ շաբաթվա ընթացքում խորհրդարանական մշտական հանձնաժողովները նիստեր հրավիրեցին, որոնց ընթացքում որոշեցին, թե պատգամավորների և կառավարության կողմից ներկայացված օրինագծերից որոնց դրական եզրակացություն տալ, որոնք մերժել և որոնց քննարկման ժամկետը հետաձգել: ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում 133 հարց է և 34 միջազգային պայմանագիր: Հարցերի մի մեծ խումբ էլ այս նստաշրջանի օրակարգ է տեղափոխվել նախորդից: Ավարտվող շաբաթվա վերջին տարվա առաջին նիստը հրավիրեց նաև ոչ իշխանական եռյակը և պարզ դարձավ, որ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» որոշել են գարնանային նստաշրջանի առաջին օրը ՝ հերթական նիստից հետո, արտահերթ նիստ հրավիրել:
Փետրվարի 2-ին խորհրդարանը կսկսի գարնանային նստաշրջանի աշխատանքը: Մեծ և փոքր օրակարգերի նախագծերում մի քանի հարյուր հարցեր են, դրանց մի մասը կառավարության և պատգամավորների նոր նախաձեռնություններն են, մյուս մասը՝ նախորդ նստաշրջանից մնացած ժառանգությունն է: Որպես պարտադիր քննարկման ենթակա հարցեր՝ դրանք տեղափոխվել են այս նստաշրջանի օրակարգ:
Չքննարկվածների կարգավիճակում հիմնականում պետական տարբեր կառույցների ծրագրեր ու հաշվետվություններ են, որոնց մի մասը ԱԺ-ն օրենսդրության պահանջով պետք է քննարկեր կամ հաստատեր աշնանային նստաշրջանի ընթացքում: Խորհրդարանը, մասնավորապես, 2014թ. աշնանային նստաշրջանի ընթացքում չհասցրեց քննարկել Հանրային ծառայությունները կարգավորող և Տնտեսական մրցակցությունը պաշտպանող պետական հանձնաժողովների 2015թ. գործունեության ծրագրերը: Դրանք ԱԺ են ներկայացվել 2014թ. հոկտեմբերին: Խորհրդարանը, սակայն, չի շտապել կատարել օրենսդրության պահանջը՝ թերևս նկատի ունենալով, որ տարեկան ծրագրերը չքննարկելը այդ կառույցներին չի կաշկանդում գործունեություն ծավալել. փաստաթղթերը խորհրդարանում պարզապես քննարկվում են և ի գիտություն ընդունվում:
Փոքր-ինչ այլ իրավիճակ է Վերահսկիչ պալատի դեպքում. ԱԺ-ն չի քննարկել այդ կառույցի 2013 թ. հաշվետվությունը և քննարկել, բայց չի քվեարկել ՎՊ 2015թ. գործունեության ծրագիրը: Մինչդեռ ՎՊ-ին այդ ծրագրի հաստատումն անհրաժեշտ էր 2015-ի գործունեությունը սկսելու համար:
Հին հարցերի կողքին նաև նորերն են: Ոչ միայն նոր օրինագծեր, այլ նաև նոր նախաձեռնություններ: Խորհրդարանական ոչ իշխանական երեք ուժերը մտադիր են նստածրջանի առաջին օրը հերթական նիստի ավարտից հետո արտահերթ նսիտ հրավիրել: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի փոխանցմամբ՝ արտահերթի օրակարգում «Շրջանառության հարկի մասին» օրենքը կասեցնելու կամ վերանայելու առաջարկն է:
«Ես եռյակի անունից լիազորված եմ հայտարարելու, որ մենք կողմ ենք և աջակցում ենք, այն բոլոր քաղաքացիներին, որոնք այս երեք օրերի ըթնացքում փողոցում են և պահանջում են օրենքի ակսեցում: Իսկ թե ինչ կանենք մենք արատահերթ նիստին՝ կասենք երկուշաբթի, և կոչ ենք անում քաղաքացիներին, որ արտահերթ նիստի գումարման ժամանակ լինեն Բաղրամյան փողոցում»:
Ոչ իշխանական եռյակը այլ նախաձեռնություն էլ ունի՝ պատրաստվում է առաջարկով դիմել Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին՝ հրավիրելու փակ լսումներ հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ոճրագործության հանգամանքները քննարկելու համար: Մի քննարկում, խորհրդարանն այս թեմայով արդեն կազմակերպել է, դրա արդյուքները սակայն ոչ իշխանական ուժերին չեն բավարարել, դրա համար փակ ձևաչաձով նոր քննարկում են առաջարկում: Թե ինչու փակ, Ռուբեն Հակոբյանն այսպես է բացատրում:
«Որոշել ենք փակ լսումները կազմակերպել շոուներից և շահարկումներից խուսափելու համար: Խնդիրը չի վերաբերում միայն իրավական ոլորտին, այն ունի քաղաքական բնույթ, և մենք պատրաստվում ենք լսումներին հրավիրել արտգործնախարարին, ազգային անվտանգության ծառայության պետին, ոստիկանապետին և գլխավոր դատախազին»:
Ոչ իշխանական ուժերին կհաջողվի փակ լսումներ կազմակերպել կամ շրջանառության հարկի թեմայով արտահերթ նիստ հրավիրել, պարզ կդառնա գարնանային նստաշրջանի առաջին քառօրյայի մեկնարկից հետո: