Հասարակություն

Այսօր կառավարությունում

hasmikdilanyan

ԵՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմիններ կսահմանվեն

Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմիններ կսահմանվեն ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչությունը: Որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում: Հիմնավորման համաձայն, Հայաստանի` ԵՏՄ պայմանագրին միանալուց հետո երկրում զուգահեռ կգործեն ՀՀ և ԵՏՄ տեխնիկական կանոնակարգերը, որոնց պահանջների պահպանման վերահսկողությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է սահմանել վերահսկողություն իրականացնող համապատասխան մարմիններ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում լիազոր մարմիններ սահմանելու վերաբերյալ կտեղեկացնի Եվրասիական տնտեսական միության:

Մուսա Մուրտազալիևը կազատվի պարտադիր զինվորական ծառայությունից 

Կառավարությունն այսօր պարտադիր զինվորական ծառայությունից կազատի Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Մուսա Մուրտազալիևին: Մուրտազալիևը հանդես է գալիս 74 կիլոգրամ քաշային կարգում, հանդիսանում է 2011 -2014 թվականների Եվրոպայի առաջնությունների երկրորդ և երրորդ մրցանակակիր, միջազգային մրցաշարերի հաղթող: Մուրտազալիևը ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի կազմում նախապատրաստվում է մասնակցելու 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյի ամառային օլիմպիական խաղերին, ինչպես նաև 2015 թվականի Եվրոպայի և աշխարհի առաջնություններին։ Նա հաշվառված է Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:

ՀՀ Նախագահի 2010 թվականի հունվարի 18-ի ՆՀ 3-Ա հրամանագրով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է շնորհվել Մուսա Դալգատի Մուրտազալիևին: Նախագծի հիմնավորման համաձայն, Հայաստանի ն կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի որոշմամբ մարզիկին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում էր տրվել մինչև 2014 թվականի ձմեռային զորակոչը: Քանի որ նրա 27 տարին լրանում է 2015 թվականի մայիսի 26-ին, հնարավոր չէ նրան պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ կամ երկարաձգել տարկետման ժամկետը, հետևաբար անհրաժեշտություն է առաջացել ազատել պարտադիր զինվորական ծառայությունից:

Կարդացեք նաև

Back to top button