

Երեւանում այսօր տասնյակ մարդիկ մոմավառություն են կազմակերպել հայ եւ հրեա ժողովուրդների եղեռնի զոհերի հիշատակին կանգնեցված՝ «ապրել եւ չմոռանալ» գրառմամբ հուշաքարի մոտ ու ծաղիկներ խոնարհել: Առիթը, հիշեցնենք, հետեւյալն է՝ հունվարի 27-ը հրեաների Ցեղասպանության՝ Հոլոքոստի շուրջ 6 մլն զոհերի հիշատակի միջազգային օրն է: Իսկ ուղիղ 70 առաջ՝ հունվարի 27-ին, ազատագրվեց Աուշվից-Բիրկենաուն կամ Օսվենցիմը՝ ամենախոշոր ու տխրահռչակ համակենտրոնացման «մահվան ճամբարը»: Ֆաշիստական ճամբարներում 6 միլիոն հրեա եւ միլիոնավոր այլ ազգությունների մարդիկ են ոչնչացվել:
Հունվարի 27-ը հրեաների Ցեղասպանության՝ Հոլոքոստի շուրջ 6 մլն զոհերի հիշատակի միջազգային օրն է: Սա նաեւ այն օրն է, երբ հիշվում են Հոլոքոստը վերապրածները: «Գետտոյի ու մահվան նացիստական ճամբարների միջով անթիվ-անհամար տղամարդիկ, կանայք ու երեխաներ են անցել, ում, այնուամենայնիվ, հաջողվել է կենդանի մնալ: Նրանք բոլորն էլ ցանկանում են մեզանից յուրաքանչյուրին հասցնել կարեւոր մի միտք` մարդկային ոգու տրիումֆի գաղափարը»,- ասվում է ՄԱԿ ղեկավարի ուղերձում: Ուղիղ 70 առաջ՝ հունվարի 27-ին, ազատագրվեց Աուշվից-Բիրկենաուն կամ Օսվենցիմը՝ ամենախոշոր ու տխրահռչակ համակենտրոնացման «մահվան ճամբարը»: Այստեղ եւ այլ վայրերում միլիոնավոր մարդիկ պարբերական տանջանքների էին ենթարկվում ու զոհվում՝ հիմնականում հրեա:
1940թ. հունիսից 1945թ. հունվարը գերմանացիները միայն նշված ճամբարում ավելի քան մեկ միլիոն մարդ են ոչնչացրել: Հունվարի 27-ին եւս մեկ անգամ շեշտվում է, որ մարդկությունը պետք է վճռական լինի իր ձգտման մեջ՝ դատապարտելու եւ կանխելու մարդկության դեմ հանցագործությունները: Հենց այս նպատակով այսօր Երեւանում տասնյակ մարդիկ մոմավառություն էին կազմակերպել հայ եւ հրեա ժողովուրդների եղեռնի զոհերի հիշատակին կանգնեցված՝ «ապրել եւ չմոռանալ» գրառմամբ հուշաքարի մոտ ու ծաղիկներ խոնարհել: «Այս ողբերգության դասերը պետք է պահպանվեն ու փոխանցվեն գալիք սերունդներին»,-շեշտում է Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը:
«Այսօր՝ Օսվենցիմի ազատագրման օրը, շատ կարեւոր օր է ողջ աշխարհի համար, քանի որ այդ պատերազմին մասնակցում էր ողջ աշխարհը: Ճամբարն ազատագրեցին խորհրդային զորքերը՝ բոլոր ազգությունների ներկայացուցիչներով»:
Հրեական ցեղասպանության կողքին աշխարհը հիշում է նաեւ Հայոց ցեղասպանությունը: Բայց հիշողների ու չճանաչողների շարքում է նաեւ Իսրայելը՝ ցեղասպանություն ապրած ու նույն ողբերգության միջով անցած հրեաների պետությունը, ինչո՞ւ:
«Դուք շարունակ նույն հարցն եք տալիս, որը նույն պատասխանն ունի՝ սա քաղաքականություն է, սա տնտեսություն է, սա Իսրայելի քաղաքացիների անվտանգության հարցն է: Հավատացեք՝ ամեն հրեա առանձին-առանձին ընդունում եւ ճանաչում է եղածը որպես Հայոց ցեղասպանություն»:
Այդ դեպքում, երբ քաղաքական շահերն այդպես էլ թույլ չեն տալիս իրերն իրական անուններով կոչել, արդյոք չի նշանակում, որ ցեղասպանության զոհերի հիշատակին անցկացվող միջոցառումները վերջին հաշվով անարդյունք են:
Ռիմա Վարժապետյանն արվածին ազգային դիվանագիտություն անունն է տալիս ու հույս հայտնում, որ կաթիլ-կաթիլ ջրի պես այն քարի կծակի: Երբ կլինի կամ կլինի երբեւէ: Վարժապետյանն ասում է՝ ինքը քաղաքագետ չէ, չի կարող ասել, փոխարենը լրագրողական հարցը բնորոշում է որպես պրովոկացիոն, նաեւ մեղադրում նման հարցեր տալու համար: Իսկ մենք, ասում է, անում ենք քայլեր այդ ուղղությամբ:
«Մենք կոչ ենք անում ողջ աշխարհին, մենք գրում ենք, խոսում ենք, ցույց ենք տալիս, պարգեւատրում ենք բոլոր այդ մասին խոսողներին, նրանց, ովքեր մեզ հետ նույն շարքում են»:
Արդյոք կարելի է Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ ակնկալել, որ Իսրայելի Քնեսեթում քննարկման կդրվի Հայոց ցեղասպանությանն առնչվող բանաձեւ: Հայաստանի հրեական համայնքի ղեկավարը հիշեցնում է՝ Քնեսեթում առաջիկայում ընտրություններ են, խորհրդարանական նոր կազմի ձեւավորումից հետո իրենք նորից կդիմեն այդ խնդրանքով: Վարժապետյանը մի խնդրանք էլ ունի: Ասում է՝ հայերի ու հրեաների անունները պետք չէ շոշափել ազգատյացության, ատելության համատեքստում ու 2 ազգերի հարաբերությունները սադրանքի ենթարկել, ինչպես, նրա ձեւակերպմամբ, որոշ լրագրողներ են փորձում անել:




