

Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ամեն տարի հրապարակում է այն գերատեսչությունների ցանկը և դրանք ղեկավարող պաշտոնյաների անունները, որոնք խախտել են մարդկանց տեղեկություն ստանալու իրավունքը: 2014-ի սև ցուցակում հայտնվել է 18 գերատեսչություն՝ խնդրվող տեղեկությունների տրամադրումը մերժելու և 8 գերատեսչություն էլ ՝ պատասխնների օրենքով սահմանված ժամկետներն էականոերն խախտելու համար: Վիճակագրությունն ըստ տարիների վերլուծելով՝ կազմակերպության ներկայացուցիչները նշում են, որ տեղեկություններ չտրամադրող կառույցների թիվն էականորեն նվազել է, բայց փոխվել է պետական կառույնցերի մոտեցումը հարցումներին. ֆորմալ առումով պատասխաններ տրվում են, բայց բուն հարցերն անպատասխան են մնում:
Խորամանկ պատասխանների շրջան՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ներկայացուցիչներն այսպես են բնութագրում պետական կառույցների վերջին տարիների վարքագիծը: Նշում են, որ հիմա գեատեսչությունների հետ աշխատելն անհամեմատ ավելի հեշտ է, քանի ասենք 6-7 տարի առաջ, երբ տեղեկություններ ստանալու հարցումների մեծ մասն անպատասխան էր մնաում: Հիմա պատասխաններ տրվում են, գերատեսչությունների արդեն փոքր խումբն է միայն, որ նախընտրում է որևէ պատասխան չտալ ստացված հարցմանը: Բայց խնդիրն արդեն այլ դաշտում է՝ դրանք պատասխաններ են միայն ֆորմալ առումով, բովանդակային առումով պաշտոնյաներն ըստ էության հարցերին չեն պատասխանում: Թևակոխել ենք խորամանկ պատասխանների շրջան՝ ասում է կազմակերպության իրավաբան Գեւորգ Հայրապետյանը:
«Այսինքն՝ պատասխանը կա, բայց պատասխանի նման չի: Մենք այդ թուղթը, որպես պատասխան, նրանցից ստանում ենք, բայց բովանդակությունը հարցերի պատասխանն ըստ էության չի պարունակում: Այստեղ հարց կա ՝որն է ավելի լավ, պաստախան ընդհանրապես չլինի, թե լինի, բայց հարցերի պատասխանը դրա մեջ չլինի»:
Պարզվում է՝ սա և լավ է, և վատ: Լավ է, որ տեղեկություններ ստանալու մասին հարցումներն արդեն բացահայտորեն չեն անտեսվում և արհամարվում, այսինքն տեղեկատվություն ստանալու իրավունքի զարգացման առումով միտումը դրական է: Իսկ վատը, ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբանի խոսքով, վատ պատասխանի հետ աշախտելու բարդությունն է:
«Պատասխանի բացակայութնը հստակ հիմք է բողոքարկման համար, իսկ ահա պատասխանի առկայությունը արդեն վեճի հիմք է: Իսկ վեճի ժամանակ միմյանց համոզելն արդեն ավելի բարդ է, նույնքան միանշանակ չէ, որքան պատասխանի բացակայության դեպքում»:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ամփոփել է 2014-ի արդյունքներն ու կազմել այն գերատեսչությունների սև ցուցակը, որոնք խախտել են մարդկանց տեղեկություն ստանալու իրավունքը: Ցանկում 26 գերատեսչություն է. 18-ը սև ցուցակում հայտնվել է խնդրվող տեղեկությոնները չտրամադրելու, այսինքն հարցումներին չպատասխանելու համար, մյուս 8-ը ՝ պատասխանել են, բայց էականորեն խախտելով օրենսդրությամբ սահմանված ժամկետները: Իսկ արդյոք փոփոխվում է սև ցուցակը, դրանում հնաբնակներ կան, թե ամեն տարի նոր գերատեսչություններ են հայտնվում:
«Որպես կանոն, եթե մեկ անգամ պաշտոնյան հայտնվում է սեւ ցուցակում, դա արդեն դաս է լինում, իսկ այժմ կարծում եմ , որ կլինեն կրկնություններ»:
Ինֆորմացիա չտրամադրելու համար սև ցուցակում հայտնվել է, օրինակ, ֆինանսների նախարարությունը: Կազմակերպությունը գրավոր հարցմամբ դիմել է ՝ խնդրելով տեղեկություններ նախարարության ծառայողական ավտոմեքենաների վերաբերյալ: Պահանջվող տեղեկատվությունը չի տրամադրվել: Չտրամադրողների ցանկում կա ևս 2 նախարարություն ՝ պաշտպանությանն ու մշակույթինը, 3 պետական կառույց ՝ ազգային անվտանգության ծառայություն , Ոստիկանության անձնագրային ու վիզաների և քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություններ, 5 բուհ: Իսկ ամենամեծ բաժինը քաղաքապետարաններին է՝ 7. Մեծամորի, Նոյեմբերյանի, Ջերմուկի, Նոր Հաճնի, Էջմիածնի , Արտաշատի և Գյումրիի քաղաքապետերը չեն պատասխանել հարցումներին: Հարցումները վերաբերել են բյուջեի ծախսերին, համայնքնային ասֆալտապատումներին և համայքնաի ղեկավարի գործուղումներին:




