Հասարակություն

Վարույթների թվի աճից մինչեւ Ծիծեռնակաբերդում երդման արարողություն.Միհրան Պողոսյանն ամփոփել է 2014-ը

lianaeghiazaryan
Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ 2014-ի կատարվածն է ամփոփել ու 2015-ի անելիքներն է ներկայացրել Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ղեկավարը: Միհրան Պողոսյանը շեշտել է, որ անցած տարում ցուցանիշերն աննախադեպ են եղել թե հարուցված վարույթների, թե բռնագանձված գումարի ծավալի մասով: Արդյոք սա չի խոսում այն մասին, որ անցած տարի ավելացել է անվճարունակ անձանց թիվը, ովքեր չեն կարողացել մարել իրենց վարկերն ու պարտքերը, ինչու են տնտեսվարողները դժգոհում ԴԱՀԿ-ից ու վերջին կացարանը կորցնելու խնդրի առաջ հայտնված քաղաքացիներին օգնության ինչ մեխանիզմ է քննարկում ծառայությունը: Միհրան Պողոսյանը պատասխանել է «Ռադիոլուր»-ի այս հարցերին, նաեւ մեկնաբանել սեփական բիզնեսի մասին տեղեկությունները:

 

Անցած տարի Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը 4 անգամ ավելի վարույթ է հարուցել ու  պետբյուջեի մասով 7 անգամ ավելի գումար բռնագանձել ու վերականգնել: Բռնագանձումների և վերականգնումների ծավալը գերազանցել է 37 մլրդ դրամի սահմանագիծը: Ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանը սա աննախադեպ ցուցանիշ է համարում՝  համեմատելով 2013-ի ու 2014-ի թվերը: Վարույթների թիվը 123 հազարից հասել է 471 հազարի: Արդյոք սա չի խոսում այն մասին, որ երկրում ավելացել է անվճարունակ անձանց թիվը, ովքեր չեն կարողացել մարել իրենց վարկերն ու պարտքերը. հարց ուղղեցի գլխավոր հարկադիր ծառայողին: Որպես նշվածի պատճառ Պողոսյանը նախ նշեց ԴԱՀԿ-ի վարչական իրավախախտումների մասին օրենքի փոփոխությունը. եթե նախկինում ԴԱՀԿ-ից բացի որոշ գործեր դատարաններ էին գնում, և այնտեղ որոշ դեպքերում վճարումներ էին կատարվում, հիմա դատարանի գործերը զուգահեռ գալիս են նաև ԴԱՀԿ:

Անցյալ տարեվերջից դոլար-դրամ փոխարժեքի կտրուկ տատանումները խիստ լուրջ խնդրի առջեւ կանգնեցրին դոլարային վարկ ունեցող քաղաքացիներին, նրանցից շատերը վարկի մարման խնդիրներ ունեցան: Թե 2014-ին ԴԱՀԿ հարուցած գործերի որ մասն է առնչվել բանկերում ունեցած վարկերը մարել չկարողանալուն եւ անվճարունակ վարկառուներից որքան գումար է բռնագանձվել, Միհրան Պողոսյանը դժվարացավ պատասխանել, ասաց՝ այդ թվերն իրենց վիճակագրության մեջ չեն առանձնացվում: «Ռադիոլուր»-ի հարցին ի պատասխան նաեւ տեղեկացրեց՝ թեեւ դեռ արդյունքներ չկան, բայց բանկերի հետ շարունակվում են բանակցությունները քաղաքացիներին վերջին կացարանից չզրկելու ուղղությամբ: Այսինքն՝ եթե քաղաքացին գրավադրել է տունը եւ հայտնվել իր տանիքը կորցնելու ռիսկի տակ, նրանից չպետք է բռնագանձվի գույքի արժեքի մի մասը, որով քաղաքացին կարողանա գոնե մարզում մի փոքր կացարան գնել: Դեռ հստակեցվում են դրույթները, գումարի շեմը:

Դատական ակտերի գլխավոր կատարողին փոխանցեցինք նաեւ բազմաթիվ տնտեսվարողների դժգոհությունն առ այն, որ նախկին Պետեկամուտների կոմիտեի, այժմ ֆինանսների նախարարության դեմ ԱԱՀ հավելավճարների ետ ստացման գործը դատարանում շահում են եւ սպասում, որ ԴԱՀԿ-ն բռնագանձի ու վերադարձնի իրենց շրջանառության համար կարեւոր այդ գումարները: Բայց ԴԱՀԿ-ում գործը կանգ է առնում:

Միհրան Պողոսյանը հայտարարեց նաեւ՝ օրենսդրական վերջին փոփոխություններով իրավախախտ վարորդների նկատմամբ համաներում է հայտարարվում: Նախ՝ 2012 թվականի հունվարի 1-ից մինչև 2015 թվականի հունվարի 9-ը վարչական իրավախախտում կատարած պարտապանները կազատվեն տուգանքի չափի ավելացած մասը և կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից, եթե մինչև 2015 թվականի հուլիսի 9-ը վճարեն վարչական ակտով նախատեսված տուգանքի մայր գումարը կամ ներկայացնել այն վճարված լինելու ապացույց:

Այլ հարցեր էլ եղան: Միհրան Պողոսյանն էլ խոստացավ պատասխանել բոլորին՝ իր ձեւակերպմամբ «չզրկելով» այդ հաճույքից: ԴԱՀԿ ծառայողների՝ Ծիծեռնակաբերդում երդվելու մասին, ինչը մամուլում քննադատության արժանացավ: «Որոշումն իմն է եղել, ու այն ճիշտ եմ գտնում»,-ասաց:

«Փորձում ենք ամեն նոր աշխատակցի հասցնել հայրենասիրական ջիղը, հայրենասեր լինելու միտումը»:

Սեփական բիզնեսի ու եկամուտները չհայտարարագրելու մասին: «Ունեցել եմ բիզնեսներ, հիմա չունեմ: Կինս էլ չունի, մանկահասակ երեխաներս էլ»,-վստահեցրեց, ունի տարածքներ, որոնք վարձակալությամբ է տվել: Ինչու չի հայտարարագրում սեփական ունեցվածքը, որի սահմանները մամուլը շարունակ փորձում է պարզել: Պողոսյանը խոստացավ՝ կհայտարարագրի: Մինչ այդ իրենից դա չի պահանջվել:

2015թ.-ի նախանշված անելիքներից՝ մարզերում սպասարկման գրասենյակներ կստեղծվեն: Նախատեսվում է առցանց վճարային համակարգի համակցում. պարտապանն այլեւս պարտադրված լինի այցելել ծառայություն եւ կկարողանա սոցքարտի միջոցով պարտքը վճարել: ԵՏՄ-ին անդամակցությամբ պայմանավորված՝ անդրսահմանային վարույթների մասով են լուրջ փոփոխություններ սպասվում: Անցած տարվա գլխավոր բացթողումն էլ այն էր, որ քաղաքացու ողջ հաշվի վրա կալանք էր կիրառվում փոքր պարտքի պատճառով: Խնդիրը լուծված է. վստահեցրեց գլխավոր հարկադիր կատարողը:

Back to top button