Քոչարյան.Գյումրու դեպքերի վերաբերյալ պաշտոնյաների «լղոզված» հայտարարությունները «յուղ լցրեցին կրակի վրա»
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը անդրադարձել է Գյումրիում տեղի ունեցած ողբերգությանը՝ նշելով, որ Հայաստանի «պաշտոնյաների լղոզված, իրարամերժ և շփոթված հայտարարությունները յուղ լցրեցին կրակի վրա, և առանց այդ էլ լարված իրավիճակին ազգային նվաստացման երանգ հաղորդեցին»:
Իր ոչ պաշտոնական կայքէջին՝ 2rd.am-ին, տված հարցազրույցում, պատասխանելով հարցերին, թե ո՞ր երկրի օրենքներով պետք է դատվի մարդասպանը, ո՞ր պետության տարածքում պետք է կրի իր պատիժը և ի՞նչ պետք է անեին Հայաստանի իշխանությունները այդ իրավիճակում, Քոչարյանը մասնավորապես նշել է․
«Գյումրիում կատարված ոճրագործությունը, որ ցնցեց ամբողջ Հայաստանը, ապշեցնում է իր դաժանությամբ: Ակնհայտ էր, որ մարդկանց վրդովմունքը կարող է վերածվել զանգվածային գործողությունների՝ անկանխատեսելի հետևանքներով: Դա կանխելու համար անհրաժեշտ էին իշխանությունների կայծակնային առաջանցիկ գործողությունները: Եվ առաջին հերթին՝ միանշանակ հավաստիացումներն առ այն, որ ոճրագործությունը կհետաքննվի հայաստանյան իրավապահ մարմինների կողմից ու հանցագործը կկանգնի ՀՀ դատարանի առաջ (առավել ևս, որ մենք ունենք նման որոշման նախադեպ՝ 1999 թվականին): Վստահ եմ, որ դա ուղղակի անհրաժեշտ էր ինչպես հայկական, այնպես էլ ռուսական կողմին, քանի որ այդպիսով կկանխվեին բոլոր փորձերը դիտարկելու հայ-ռուսական հարաբերությունները՝ կոնկրետ ողբերգական դեպքի համատեքստում: Մեր պաշտոնյաների լղոզված, իրարամերժ և շփոթված հայտարարությունները յուղ լցրեցին կրակի վրա, և առանց այդ էլ լարված իրավիճակին ազգային նվաստացման երանգ հաղորդեցին: Իսկ դա արդեն պայթյունավտանգ համադրություն էր և, ցավոք, մարդկանց զայրույթը թափվեց հայ ոստիկանների վրա»:
«Քաղաքական մենաշնորհի պահպանման պարագայում ներքաղաքական իրավիճակը չի առողջանա»
Քոչարյանն անդրադարձել է նաև ներքաղաքական հարցերի:
«Քաղաքական մենաշնորհի պահպանման պարագայում ներքաղաքական իրավիճակը չի առողջանա: Առանց արմատական փոփոխությունների չափազանց դժվար կլինի լուծել այս բազմաթիվ խնդիրները: Բացի ճառերից այն մասին, թե ամեն ինչ լավ է կամ ամեն ինչ լավ կլինի, պաշտոնյաներից որևէ ծրագրային խոսք չենք լսում: Ակներև է, որ իշխանությունների և հասարակության՝ երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ գնահատականը տրամագծորեն տարբեր է», — մասնաավորապես ասել է երկրորդ նախագահը:
«Արևմտյան ընկերությունների համար ԵՏՄ-ին անդամակցելու պատճառով մենք առանձնապես գրավիչ չենք»
Հայաստանի տնտեսական վիճակի վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանը նշել է․ — «Ցավոք, որևէ հուսադրող բան ասել չեմ կարող: Եթե տնտեսական քաղաքականութունն անփոփոխ մնա, ապա բոլորովին անհասկանալի է, թե ինչի հաշվին պետք է բարելավվի իրավիճակը: Միջնաժամկետ ապագայում ԵՏՄ տնտեսությունը լինելու է ռեցեսիայի մեջ, այնպես որ շատ դժվար է լինելու այնտեղ որևէ նշանակալի դերակատարում ստանձնել: Արևմտյան ընկերությունների համար ԵՏՄ-ին անդամակցելու պատճառով մենք առանձնապես գրավիչ չենք: Տնտեսության մենաշնորհացումը ահագնանում է, ներդրումների ծավալները կայուն կերպով նվազում են, ներդրումային ակտիվությունը դեգրադացվում է»:
Դեկտեմբերին տեղի ունեցած դրամի կտրուկ արժեզրկման վերաբերյալ Քոչարյանը իշխանությունների գործողությունները «ուշացած ու թերի» է բնութագրել:
«Իշխանության բոլոր գործողությունների հաջողության կարևորագույն պայմանը վստահությունն է, որն այսօր գործնականում բացակայում է: Երկրին անհրաժեշտ են արմատական փոփոխություններ, բայց խոսքը հաստատ սահմանադրական ռեֆորմների մասին չէ: Հաջողության հասնելու ճանապարհին ամենամեծ խոչընդոտը կլինի քաղաքական էլիտայի տնտեսական շահերի բախումը երկրի երկարատև շահերի հետ»,- եզրափակել է Ռոբերտ Քոչարյանը: