Հասարակություն

Անհետաձգելի հարցեր՝ կառավարության օրակարգում

hasmikdilanyan
Հերթական հինգշաբթին կառավարությունում՝ օրակարգում հանրային կյանքի  տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր են, որոնց մի մասն անհետաձգելի է համարվել: Շահութահարկի մասին օրենքում առաջարկվող փոփոխություններն  ըստ վարչապետ Հովիկ Աբրահամյանի,  խթան կհանդիսանան  արտահանումն ավելացնելու համար:Բացի այդ, աշխատատեղերի ստեղծում է, և՛ լրացուցիչ եկամուտներ կապահովեն ՀՀ  պետական բյուջեում:

 

Երեք տասնյակից ավելի հարցեր՝ կառավարության նիստի օրակարգում, դրանք վերաբերում էին հանրային կյանքի բոլոր ոլորտներին: Հաստատված նախագծերի առանցքում, տնտեսության խթանմանն ուղղված «Շահութահարկի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումներն էին: Նախագծով առաջարկվում է սահ­մա­նել, որ ՀՀ ռեզիդենտ հարկ վճարողի համար շահութահարկի գումարը հարկվող շահույթի նկատ­մամբ հաշվարկվում է 2 տոկոս դրույքաչափով, եթե հարկ վճարողը ՀՀ կառա­վարության հավա­նությանն արժանացած արտահանման ծրագրի շրջանակներում հաշվետու տարվա ընթաց­քում ՀՀ տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանել է առն­վազն 50 մլրդ. դրամի մաքսային արժեքով ապրանքներ:

Նշենք, որ այժմ շահութահարկը կազմում է 20 տոկոս: Կառավարության ղեկավարը կարևորում է  առաջարկվող փոփոխությունները, վարչապետ Հովիկ Աբրահամյան. «Սա կառավարության ոչ ստանդարտ քայլերից է, որով մենք փորձում ենք խթանել արտահանումը: Եթե մենք կարողանանք ունենալ նման գործընկերներ, ովքեր տարվա ընթացքում 50 մլրդ դրամի ապրանք կարտահանեն մեր երկրից, ապա դա իրոք և՛ աշխատատեղերի ստեղծում է, և՛ լրացուցիչ եկամուտներ կապահովի մեր պետական բյուջեում: Սա պետք է խրախուսենք և բոլորս խոսենք այս օրենքի նախագծի մասին, որպեսզի նաև տեղյակ լինեն մեր հայրենակիցները և բոլոր այն գործարարները, ովքեր կցանկանան կազմակերպել արտահանում: Մենք մի քանի անգամ քննարկել ենք այս խնդիրը, այն չի կարող վերաբերել հանքարդյունաբերության ոլորտին: Ես կարծում եմ, որ սա մեծ խթան կհանդիսանա արտահանումն ավելացնելու համար»:

Տարբեր ընկերությունների հետ բանակցությունները սկսվել են, ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը, սակայն, առայժմ փակագծերը չի բացում, կոնկրետ անուններ հնչեցնելու հարցերին նա դիվանագիտորեն է պատասխանում՝ շատ շուտով ներդրումներ կատարելիս ընկերությունների անունները հայտնի կդառնան: «Հարկային խթանը գրավիչ է»,- ասում է փոխնախարարն ու տեղեկացնում՝  հանքարդյունաբերությանը սա չի վերաբերելու:

«Մենք  հանքարդյունաբերության շահութահարկից չենք կարող հրաժարվել»:

Կառավարությունն այսօր հստակեցրեց՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից, երկու տարվա ընթացքում, սպիտակ շաքարի ներմուծումը երրորդ երկրներից թույլատրվում է 10 տոկոս ներմուծման մաքսատուրքի վճարման պայմանով՝ մեկ տարվա ընթացքում 4 հազար տոննայից ոչ ավելի ծավալով, հաստատել արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև այդ ապրանքի ներմուծման թույլատրելի ծավալների բաշխման կարգը:Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հստակեցրեց՝  սպիտակ շաքար ՀՀ երկու ընկերություն է ներմուծում՝ Պեպսի Կոլա-ն  և Կոկա Կոլա-ն:
Բացառության հաջողությունը  նախարարը ողջունելի է համարում:

Կառավարությունը կշարունակի աջակցել փոքր ու միջին տնետսվարողներին, որպեսսզի նրանք նոր սերնդի ՀԴՄ-ներ ձեռք բերեն, իսկ մինչ այդ՝  նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման ժամկետը 2015թ. հունվարի 1-ից հետաձգվեց  մինչև 2016թ. հունվարի 1-ը:

Կառավարությունն  այսօր հաստատեց նաև  սահմանամերձ կամ բարձր լեռնային բնակավայրեր աշխատելու նպատակով գործուղվող և պայմանագրային պարտավորությունը չկատարող բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների կողմից ուսման ծախսերի փոխհատուցման կարգը, չափը, ժամկետները և սահմանամերձ կամ բարձր լեռնային բնակավայրերում հաշվառված Հայաստանի Հանրապետության քաղաքացու և բարձրագույն կրթություն իրականացնող ուսումնական հաստատության ղեկավարի միջև կնքվող պայմանագրի օրինակելի ձևը:

ԿԳ փոխնախարար Կարինե Հարությունյանի փոխանցմամբ, նշված բնակավայրերում ութ տարի մշտապես  բնակված ու  հատուկ կարգով բուհ ընդունված ուսանողը պայմանագիր է  կնքում վերջինիս հետ, որով պետությունը փոխհատուցում է նրա ուսման վարձը, պայմանով սակայն, որ վերջինս ավարտելուց հետո վերադառնա բնակավայր ու հինգ տարի աշխատի այնտեղ, պայմանը չկատարողները ստիպված կլինեն  վերադարձնել ինչպես ուսումնառության տարիների համար պետության կողմից վճարած ուսման վճարի  կրկնակի գումարն, այնպես էլ վճարված կրթաթոշակի կրկնակի գումարը:

Արդեն նիստի վերջում ՊՆ Սեյրան Օհանյանը գործընկերներին հիշեցրեց, որ հունվարի 28-ին ՀՀ-ում նշվելու է ՀՀ Զինված ուժերի կազմավորման 23-րդ տարեդարձը, նրանց  հրավիրեց կազմակերպվող տոնական միջոցառումներին՝ հորդորելով  նաև չուշանալ:

Back to top button