ԿարևորՔաղաքական

Գևորգ Կոստանյան.«Սահմանախախտին պետք է հանձնեին հայ իրավապահներին»

լրացված ժամը 16.46-ին
arminegevorgyan

«Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ կապված իրավական գործընթացների մասին» թեմայով խորհրդարանական լսումներին ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը նախաբանում խնդրեց խոսել իրավական ընթացակարգով և զգացմունքայնությանը չտրվել:

«Բոլորիս նպատակը նույն է, բայց մենք իրավական ընթացակարգով պետք է հարցը կարգավորենք, կարող եք քաղաքական տարբեր հարցեր բարձրացնել, բայց առաջարկում եմ առաջին հարթություն չբերել զգայական հարցերը։ Խնդրում եմ, այո, պատրաստ եմ ցանկացած հարցի պատասխանել, ինչքան էլ ժամանակ պահանջվի, բայց կխնդրեմ, որ այնպիսի հարցադրումներ տաք, որոնք իրոք կարևոր են իրավական ընթացակարգերի համար, որ հասարակությունն իմանա»,-ասել է նա:

ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը գլխավոր դատախազին խնդրել է  ներկայացնել փաստեր, թե որ ժամին են զորամասում հայտնաբերել, որ զինծառայող Վալերի Պերմյակովը լքել է զորամասը:

Նա նաև հետաքրքրվել է, թե պարզվե՞լ է՝ արդյո՞ք մեղադրյալը ինչ-որ կապ ունեցել է Ավետիսյանների ընտանիքի հետ, թե ոչ:

«Բոլոր հանգամանքները, որ վերաբերում են հանցագործության ժամին, տեղին, հայտնաբերմանը, դեռևս քննարկվում են, այդ բոլոր հարցերի պատասխանները մենք ունենք քրեական գործում, և այն հանգամանքը, թե ով առաջինը նկատեց զորամասը լքելու փաստը, ով հայտնեց ՀՀ իրավապահ մարմիններին ու ինչ ընթացակարգով ընթացավ, ևս կանոնակարգված է մեր պայմանագրով»,-պատասխանել է Կոստանյանը:

«Տուժողի ընտանիքի հետ որևէ կապվածության կամ միջնորդավորված կապի հետ կապված. մենք քննարկման առարկա պետք է դարձնենք ու դարձնում ենք բոլոր տարբերակները, որովհետև գործի ընթացքում ընդունվում են մի շարք վարկածներ, թե՛ նախկին կապը, թե՛ Գյումրում նրանց հնարավոր առնչության մասին, այս բոլորը ստուգման փուլում են։ Ինչ ասեմ, դա չի կարող որպես վերջնական փաստարկ հնչել»,-բացատրել է Կոստանյանը:

Պատգամավորը նաև հետաքրքրվեց, թե արդյո՞ք Կոստանյանը դիմել է ՌԴ գլխավոր դատախազին: ՀՀ գլխավոր դատախազն ասել է, որ ՌԴ իրավապահ մարմիններին ներկայացվել են մի շարք միջնորդություններ:

«Ես խոստացել եմ, որ պետք է դիմեմ, և դա իմ պարտականությունն է, ես պարտավոր եմ դիմել գլխավոր դատախազին նման պահանջով և դա կատարելու եմ, բայց դիմումներն ինքնանպատակ չեն, իրականացվում են համապատասխան փուլում, և դա կատարելու եմ այն փուլում ու այն հիմքերի դեպքում, որ բավարար հիմք կտան, որ ստանանք մեզ համար արդյունքը: Երբ ունենամ անհրաժեշտ բոլոր հիմքերը, դիմելու եմ»,-եզրափակել է նա:

Խորհրդարանական լսումների ժամանակ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հայտարարել է, որ լսումներին նախ պետք է ներկա լիներ ԱԱԾ պետը: Սա բոլոր պատգամավորների պահանջն է, հավելել է Արզումանյանը:

Պատգամավորն ասել է, որ կան միջպետական պայմանագրեր, որոնք գտնվում են հիշյալ անձանց իրավասության ներքո: «Ես էլ այստեղ կարող եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին, որովհետեւ երբեւէ չի եղել նախադեպ, որ սահմանախախտին հանձնեն այլ պետությանը»:

Ժառանգություն խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն ասել է, որ դատախազին որեւէ հարց, քանի որ իրեն հուզող հարցերի հասցեատերն այստեղ չէ: Պատգամավորը հայտարարել է նաեւ, որ այս լսումները անհրաժեշտ էր արտաքին գործերի նախարարի հետ հրավիրել: Ըստ Արզումանյանի՝ գլխավոր դատախազ Կոստանյանը միայն գործի ընթացքի մասով է պատասխանատու:

«Այստեղ կա ոստիկանության անգործության հետևանքը: Մնացած հարցերը Ձեր պարտականությունը չեն: Մեր արտգործնախարարը չկա, ԱԱԾ-ն չի արձագանքում»,- հայտարարեց Արզումանյանը:

«Կարևոր չէ, թե իմ փոխարեն այստեղ ով կլիներ նստած, մենք բոլորս՝ իրավապահ մարմիները, քաղաքական մարմինները, մեր բոլորի հարցն է սա: Լիազորությունները իրականացնում ենք ամենքս մերը: Իմ խորին համոզմամբ, այստեղ քաղաքականացնելու առիթ չունենք, հետևանքը կարող է քաղաքական լինել, բայց ընթացակարգը իրավական է»,- պատասխանեց ՀՀ գլխավոր դատախազը:

Հայաստանի սահմանի խախտման փորձին և սահմանի խախտման փորձ կատարած անձի ձերբակաման մասին ՌԴ սահմանապահ զորքերը ըստ պայմանագրի պարտավո՞ր էին տեղյակ պահել ՀՀ իրավապահ մարմիններին, ըստ պայմանագրերի սահմանապահ զորքերը պարտավո՞ր են արդյոք սահմանը ապօրինի հատած անձին հանձնել Հայաստանի իրավապահ մարմիններին, թե՞ ոչ: Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը դրական պատասխան է տվել, ասելով՝ «սահմանախախտին հայտնաբերելուց հետո ռուս սահմանապահները պարտավոր էին այդ մասին տեղյակ պահել Հայաստանի իրավապահներին, որից հետո նաև նրան հանձնել Հայաստանի իրավապահներին»:

Back to top button