ԿարևորՀասարակություն

Գյումրու սպանդն իրականացնողին ՀՀ իրավապահների հանձնելու համար ցուցարարները 22 ժամ տվեցին

Ռուս հանցագործին ՀՀ իրավապահներին հանձնելու պահանջով ռուսական ռազմակայանի մոտ հավաքաված գյումրեցիները որոշում կայացրեցին վաղը՝ հունվարի 15-ին, հուղարկավորությունից հետո ժամը 17.00-ին մեկ մարդու պես հավաքվել Շիրակի մարզի դատախազության շենքի առջեւ պատասխան ստանալու ակնկալիքով: Հիշեցնենք, որ արդեն մի քանի ժամ է գյումրեցիները շրջափակել էին ռուսական 102 ռազմակայանը եւ բողոքի ցույց կազմակերպել: Նրանց պահանջը մեկն է՝  ՀՀ իրավապահ մարմիններին հանձնել Գյումրու սպանդն իրականացնող Վալերի Պերմյակովին:

Դրա համար ցուցարարները ՀՀ դատախազությանը 22 ժամ տվեցին: Իսկ մինչ այդ, Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը բողոքի մասնակիցների պահանջով զանգահարեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին: Հեռախոսազրույցից հետո, դատախազը փոխանցեց Գևորգ Կոստանյանի խոսքերը, որ քննարկումները տեղի են ունենալու այսօր երեկոյան և վաղն առավոտյան։

«Այս պահին էլ խորհրդատվություն է գնում, որը վաղն առավոտյան նույնպես շարունակվելու է։ Խորհրդակցությունների ավարտից հետո հանդես կգան հայտարարությամբ, թե ինչ է կատարվելու նշված քրեական գործում»,-հայտարարեց Րաֆֆի Ասլանյանը:

Back to top button