
Գյումրիում կատարված աղմկահարույց սպանության կասկածյալ ռուս զինծառայող Վալերի Պերմյակովն ավելի վաղ փախուստի ևս մեկ փորձ է կատարել, քանի որ «չի ցանկացել» ծառայել: Այդ մասին Московский комсомолец-ին հայտնել են նրա ծառայակից ընկերները:
Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելիս և հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը: Հարձակման դրդապատճառները հայտնի չեն, սակայն Ավետիսյանների տանը եղած ոսկեղենին, որն, ի դեպ, երևացող տեղ է եղել, նա ձեռք չի տվել:
Արդեն հայտնի է, որ նա ծնունդով Չիտայից է: Ավարտել է գիշերօթիկ դպրոցը և կանչվել է զինծառայության: «МК»-ի հետ զրույցում նրա ծառայակիցները պատմել են, որ Պերմյակովը մեկ անգամ չէ, որ փախուստի փորձ է կատարել: Նա ավելի վաղ փախել է զորամասից, քանի որ չի ցանկացել ծառայել:
Ի դեպ, մինչև զորակոչվելը նա իրավապահների ուշադրության կենտրոնում է եղել, քանի որ նրա եղբայրն ազատազրկված է եղել սպանության համար: Փախուստի առաջին փորձից հետո նա հիվանդանոց է ընկել, սակայն զղջացել է և գրել է, որ իրեն «դուրս չգրեն»:
Ծառայակիցները հավաստիացնում են, որ Պերմյակովն «ադեկվատ, շփվող տղա է» և չեն հավատում, որ նա կարող է նման քայլի գնացած լինել:
Սակայն ըստ որոշ տվյալների՝ նա հոգեկան հիվանդ է և անգամ ինքնասպանության փորձ է կատարել (նրա ընկերները, սակայն, այդ տեղեկությունները չեն հաստատել):




