Հասարակություն

Հարուցվել է քրեական գործ` Ադրբեջանի կողմից Ոսկևան գյուղի բնակչի սպանության դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասսայական կամ կրոնական մոլեռանդության շարժառթիով Տավուշի մարզի Ոսկևան գյուղի բնակիչ, 1935թ. ծնված Սերյոժա Նիկոլի Սարգսյանի սպանության դեպքի առթիվ։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2015թ. հունվարի 11-ին՝ ժամը 19:20-ին, հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում, Տավուշի մարզի հայ-ադրբեջանական պետական սահմանի Բաղանիս գյուղի հատվածում ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները դիվերսիոն փորձ են իրականացրել:

Հակառակորդի ստորաբաժանումների առաջխաղացումը հայկական բանակի արագ արձագանքման համապատասխան ստորաբաժանմների կողմից կանխվել է և ՀՀ պետական սահմանը խախտած դիվերսիոն խմբի գործողությունները չեզոքացվել։
Տեղանքի հետազոտման ժամանակ «Մաների ձոր» կոչվող հանդամասում հայտնաբերվել է Տավուշի մարզի Ոսկևան գյուղի բնակիչ, հովիվ, 18.11.1935թ. ծնված Սերյոժա Նիկոլի Սարգսյանի դիակը` աջ քունքային շրջանում պատճառված հրազենային վնասվածքով: Սերյոժա Սարգսյանի դիակի հայտնաբերման վայրից քիչ հեռու սկսվում է հակառակորդի կողմից դիտարկվող և գնդակոծվող տեղանքը։

Նոյեմբերյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 13-րդ կետերով  (Սպանությունը՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Դիակի արտաքին զննությամբ աջ հոնքի դրսային եզրի մոտ հայտնաբերվել է 0,7-0,8 սմ տրամագծով հրազենային մուտքի անցքի վերք, նույն կողմի ծոծրակային շրջանում` դեպի դուրս ուղղված եզրերով, 10X10 սմ չափսերով ելքի անցքի վերք, նշված շրջանում գանգաթաղի շրջանի ոսկրերը բազմաբեկորային կոտրված են:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Կարդացեք նաև

Back to top button