Քաղաքական

ԼՂՀ և ՀՀ միջև գործող հսկիչ կետերի գործառույթները չեն փոխվելու.ԼՂՀ վարչապետ

Լուսինե Ավանեսյան
Ռադիոլուր-Ստեփանակերտ

Հայաստանի հանրապետության ԵՏՄ անդամակցելը չի խախտելու Հայկական երկու պետությունների միջև  գործող տնտեսական միասնական դաշտը, այս մասին մեր թղթակցի հետ զրույցում ասել է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը: Չեն փոխվելու նաև ԼՂՀ և ՀՀ միջև գործող հսկիչ երեք կետերի գործառույթները:

 

Աղավնոյի հսկիչ կետով անցնում բեռնափոխադրումների և ուղևորահոսքի մեծ մասը: Տոնական օրերը այստեղ տիրող եռուզեռին չեն ազդել: Շուրջօրյա հերթապահում են հարկային ծառայողներն ու ոստիկանները: Վարորդների համար պարտադրված կանգառ է, ինչին մի մասը վերաբերովում է հասկանալով, մյուսները փոքր-ինչ տարակուսած:

Հարկային տեսուչները հարցին այլ տեսանկյունից են նայում: Իրենք այստեղ ներմուծման  և արտահանման ծավալներն են հսկում:  Բեռնափոխադորւմների հաշվառումը կատարվում է ապրանքաշրջանառությունը վերահսկելու համար, և  իհարկե, եթե ներմուծողը կամ արտահանողը թաքցնելու բան չունի, չունի նաև այս պրոցեսից դժգոհելու առիթ: Ինչ վերաբերում է ֆիզիկական անձանց, ապա նրանց բեռները ընդամենը հաշվառվում են, առանց հետագա հետևանքների:

Ինչ է փոխվելու նոր տարվանից հետո: Հսկիչ կետերում ծառայություն իրականացնողները ասում են, որ որևէ նոր հրահանգ չունեն և շարունակելու են տարիներ ի վեր հղկված մեխանիզմով աշխատել՝ հսկելով ոչ թե  սահման, այլ բեռնափոխադրումների և ուղևորհոսքի հաշվառում իրականցնելով:  Սա հաստատում է նաև ԼՂՀ վարչապետը: Նրա խոսքով՝անկախ քաղաքական քննարկումներից  հայկական երկու հանրապետությունները մաքսային սահման չեն ունենա: ՀՀ ԵՏՄ-ին միանալը չի խախտելու ՀՀ և ԼՂՀ միասնական տնտեսական դաշտը, վստահեցնում է Արայիկ Հարությունյանը:

Կարդացեք նաև

Back to top button