
Գիտա Էլիբեկյան
Ռադիոլուր- Թբիլիսի
Այսօր Սուրբ Ծննդյան պատարագ է մատուցվել նաև Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում: Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ կատարվել է նաև ջրօրհներք. հայ համայնքի ներկայացուցիչները օրհնված հրաշագործ ջուրը տարել են` ի բժշկություն հոգևոր ու մարմնավոր ախտերի: Արարողությանը ներկա են եղել և հայ համայնքին շնորհավորել են նաև Վրաստանի կառավարության ներկայացուցիչները: Վիրահայությանը շնորհավորական ուղերձ է հղել նաև երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Հավլաբարում գտնվող Սուրբ Էջմիածին եկեղեցին այսօր առավել մարդաշատ էր: Սուրբ ծննդյան տոնը վիրահայ համայնքի ամենասիրած տոներից է:
Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը տոնի առիթով շնորհավորելով եկեղեցում հավաքված բազմությանը, մաղթեց «շարունակել խաղաղ ու համերաշխ լինել, պահպանել հազարամյակներով մեր եղբայրությունը»:
Վրաստանի համերաշխության և քաղաքացիական հավասարության հարցերով նախարար Պաատա Զաքարեիշվիլին նշեց, որ սա ընդհանուր տոն է. «և ես միանում եմ այս ուրախությանը և հպարտանում, որ հայերը դարեր շարունակ ապրելով այստեղ, նշում են իրենց տոները և հավատում,որ դա կշարունակեն անել հետագա դարերի ընթացքում … »:
Վիրահայ բանաստեղծուհի Անահիտ Բոստանջյանը մաղթեց բոլորին . «աշխարհին, հայ ժողովրդին, ապրել Քրիստոսի պատվիրաններով, խիղճը մաքուր պահել, մերձավորին աչք չդնել: Այս դեպքում աշխարհը կանգուն կլինի ու ավելի շիտակ ճանապարհով կկգնա: Թող խինդն այսօրվա հարատևի միշտ , հավերժանա այս երկրի տակ, լինելով ողջ տարվա ուղենիշը»:




