Քրիստոս ծնավ և հայտնեցավ, օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի
«Նախկինում հունվարի 5-ին մարդիկ իրենց տներում ճրագ չէին վառում, մասնակցում էին ժամերգությանն ու ճրագալույցի պատարգին, և եկեղեցուց էին լույս տանում իրենց տան ճրագը վառելու։ Սա խորհրդանշում է Քրիստոսի այն խոսքը ,որ ասում էր՝ «Ես եմ աշխարհի լույսը»։ Ճրագալույցի պատարագով ավարտվում է նաև դեկտեմբերի 30-ից սկսված Սուրբ Ծննդյան 7-օրյա պահքը։ Այսօր երեկոյան մարդիկ միմյանց ողջունում են ՝ «Քրիստոս ծնավ և հայտնեցավ, օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի» խոսքերով, որով ավետվում է այն հրաշամանուկի ծնունդը, ում շնորհիվ աշխարհը պիտի փրկվեր մեղքի գերությունից»։
Նշենք, որ ճրագալույցի Սուրբ Պատարագ տարին երկու անգամ է մատուցվում՝ Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներին։ Ճրագալույց նշանակում է ճրագ կամ մոմ լուցանել, այսինքն՝ վառել։ Ճրագալույցը խորհրդանշում է Բեթղեհեմյան աստղի լույսը, որն առջնորդեց մոգերին դեպի Հիսուս մանուկ։ Տեր Շմավոն քահանայի փոխանցմամբ հունվարի 6-ին ՝ Սուրբ Ծննդյան պատարգից հետո կատարվում է Ջրօրհնեք, որը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը։ Խաչով և Սրբալույս Մյուռոնով օրհնված ջուրը բաժանվում է ժողովրդին՝ ի բժշկություն հոգևոր և մարմնավոր ախտերի։
«Սուրբ Ծննդյան տոնակատարությունների շարքում կատրավում է նաև Տնօրհնեքի արարողություն։ Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներից հետո մարդիկ հոգևորականին իրենց տուն, անգամ աշխատավայր են հրավիրում ՝ տոնի կենարար ավետիսն ու աստվածային օրհնությունը ստանլու նպատակով»։
Տնօրհնեք կատարվում է ողջ տարվա ընթացքում, նաև այն ժամանակ, երբ տանը խախտվում է խաղաղությունը կամ զգացվում է դիվային ուժերի ներկայություն։ Հունվարի 7-ը, ինչպես և բոլոր տաղավար տոներին հաջորդող օրերը, հանգուցյալների հիշատակության օր է՝ Մեռելոց։ Սուրբ պատարգից հետո այդ օրը բոլոր եկեղեցիներում կատարվում է հոգեհանգստյան արարողություն, որից հետո մարդիկ այցելում են հարազատների շիրիմներին։ Ս.Ծննդյան տոնի հանդիսություններն ավարտվում են հունվարի 13-ին՝ Տիրոջ անվանակոչությամբ, որը նվիրված է Մանուկ Հիսուսին անվանակոչելու հիշատակին: