Հասարակություն

Կառավարության կազմում 2014-ի սպասված ու անսպասելի փոփոխությունները

hasmikdilanyan

2014թ հայրենի կառավարության համար թերևս կարելի է աննախադեպ փոփոխությունների տարի համարել՝  կառավարության նոր կազմ, նոր ղեկավար, կառուցվածքային սպասված ու չսպասված փոփոխություններ: 2014-ին կառավարության կազմում սպասված ու անսպասելի փոփոխությունները` «Ռադիոլուրի» ամփոփիչ ռեպորտաժում:

 

 

Նոր կառավարություն, նոր վարչապետ,   նոր նախարարներ, նոր ստեղծված ու վերամիավորած  նախարարություններ: 2014թ կառավարություններում տեղի ունեցող փոփոխություններիա ռումով կարելի է ռեկորդային համարել:  Ձևավորված ու գրեթե վեց տարի՝ չնչին փոփոխություններով  աշխատող Տիգրան Սարգսյանի կառավարությունը հրաժեշտ տվեց ու երկրորդ՝ օրենսդիր իշխանությունից երրորդ՝ գործադիր իշխանության շենք  վեցամյա ընդմիջումից հետո կրկին ուղևորվեց  Հովիկ Աբրահամյանը, ով  վերադարձավ՝ գիտակցմամբ՝ ըստ էության պաշտոնի իջեցում էր տեղի ունեցել: Վարչապետ դառնալը Հովիկ Աբրահամյանի երազանքը չէր, ինքը՝ վարչապետը, մամուլի հետ շփվելիս մի քանի անգամ բարձրաձայնել էր, որ  իրեն ավելի շատ գործադիրում է պատկերացնում:

Հովիկ Աբրահամյանի կառավարության կազմը ձևավորելիս ակնառու փոփոխություններ թերևս տեղի չուենցան: Թվային տվայլներով՝  18 նախարարներից  միայն երկուսն  էին  նոր,  համենայն դեպս, հանրությունը, որևէ պաշտոնում, նրանց չէր  հիշում՝  առողջապահության նորանշանակ նախարար Արմեն Մուրադյանն ու  սպորտի ու երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել  Ղազարյանը: 18 նախարարներից  տասը՝  վերանշանակվեցին: Կառավարություն  վերադարձավ  նաև Կարեն Ճշմարիտյանը:  Պաշտոնին հրաժեշտ տվեց նախարարարական երկարամյա կենսագրություն ունեցող էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

Մարզպետի պաշտոնի,  այսպես ասենք, հնաբնակներից երկուսը՝  Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանն ու Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը ևս հրաժեշտ տվեցին իրենց պաշտոններին: Այս փուլում  կառուցվածքային փոփոխություններից,  այսպես ասենք, աղմկահարույցը ՊԵԿ միացումն էր ֆինանսների նախարարությանն ու այս գերատեսչության նախկին կադրերից ազատվելը:

Մայիսից  սեպտեմբեր  պաշտոնանկությունների ու կառավարության կազմում  կառուցվածքային փոփոխությունների մասին լուրերի հարաբերական անդորր էր, որը խախտվեց հոկտեմբեր 16-ին՝ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար  Արմեն Գևորգյանի կողմից:

Նոր փոխվարչապետին երկար սպասեցինք՝ մեկ ամսից ավել: Մինչ այդ, տեղեկացանք կառուցվածքային նոր փոփոխությունների մասին: Հենց այստեղից էլ կարող ենք արձանագրել, որ սկսվեց կառավարության կառուցվածքային փոփոխությունների շքերթը՝ միավորվեցին տարածքային կառավարման ու արտակարգ իրավիճակների նախարարությունները,  ստեղծվեց նոր՝  միջազգային տնտեսական ինտերգրման ու բարեփոխումների նախարարություն:

Նախարար ու փոխվարչապետ նշանակվեց  Վաչե Գաբրիելյանը: Մյուս՝ միավորված տարածքային կառավարման ու արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնն ստանձնեց Արմեն Երիցյանը: Սրանով սակայն կառավարությունում  կառուցվածքային փոփոխությունները չավարտվեցին:  Ջրային տնտեսության պետական կոմիտեն  տարանջատվեց տարածքային կառավարման համակարգից  ու  ներառվեց  ՀՀ գյուղատնտեսության նախարարության կազմում:

Եվ տարվա թերևս ամենաանսպասելի ու նաև սպասված  նշանակումը, որին անդրադառնալ պարզապես  չէինք կարող՝  մարզպետի պաշտոնում Սյունիք գործուղվեց Սուրիկ Խաչատրյանը:

Back to top button