Հասարակություն

Արամ Ա. Կաթողիկոսը Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված կոնդակ է հրապարակել

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված կոնդակ է հրապարակել, որում մասնավորապես ասվում է.  «2015 թվականին Հայոց ցեղասպանության 100 ամյակն է, հետևաբար իր իմաստով, նպատակով և պատգամով պետք է տարբերվի:

Հայ ժողովրդի հավաքական հիշողության մեջ իր անջնջելի դրոշմն է թողել հայոց ցեղասպանությունը։ Աշխարհում չկա մի հայ, ով չի առնչվել հայոց ցեղասպանության հետ, ում ընտանիքը ենթարկված չի եղել ցեղասպանությանը, տարագրությանը, հայրենազրկմանը կամ սփյուռքացմանը:

Հարյուր տարի մեկ ու կես միլիոն նահատակի հիշեցինք խնկով և աղոթքով, ովքեր Արևմտյան Հայաստանում և Կիլիկայում զոհ գնացին Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի դեմ ծրագրավորված և գործադրված ցեղասպանությանը:  Հարյուր տարի հիշեցինք ողբով և ցասումով, պոռթկումով և պահանջատիրական ոգով:

Ցեղասպանի նպատակն էր ցեղասպանության, տարագրումի և հայաթափումի միջոցով բնաջնջել հայ ժողովրդին և աշխարհի քարտեզից ջնջել Հայաստանը: Սակայն իր դարավոր հայրենի հողից արմատախիլ եղած, գաղթական և որբ դարձած հայ ժողովրդի վերապրող զավակները երբեք չմոռացան իրենց նահատակներին, նրանց սրբազան կտակը:

Արդարև, անցնող հարյուր տարիներին մեր եկեղեցին, հայ դատի մարմինները, մեր քաղաքական կազմակերպությունները և վերջին երկու տասնամյակներին վերանկախացած մեր հայրենի պետությունը, քարոզչական, քաղաքական, հարաբերական և այլ միջոցներով ոչ միայն հիշեցրեցին աշխարհին հայոց ցեղասպանության մասին, այլ նաև հետևողական կերպով ու անխոնջ աշխատանքով հետապնդեցին քսաներորդ դարի անպատիժ մնացած առաջին ցեղասպանության ճանաչումը։ Այսօր փաստորեն մեծ թվով պետություններ, եկեղեցիներ ու կազմակերպություններ պաշտոնապես ճանաչել են հայոց ցեղասպանությունը։ Օտարերկացի մտավորականներ բազմաթիվ աշխատություններ են հրապարակել:

Սիրելի՛ հայ ժողովուրդ,
Նվիրական նույն պայքարը անհրաժեշտ է, որ շարունակվի համազգային մաշտաբով ու վերանորոգ թափով։ Ժամանակն է, որ մեր ժողովուրդը իր պահանջատիրությունը տեղափոխի իրավական դաշտ:

Հայ ժողովուրդը Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի մեջ միասնական ոգով ու միակամ ճիգով է պատրաստվում նշել ցեղասպանության հարյուրամյակը։ 100-ամյակը շրջադարձային պետք է լինի մեր ժողովուրդի արդար իրավունքների վերատիրացման պայքարում։ Վեհափառ Հայրապետների նախագահությամբ 2015 թվականի ապրիլ 23-ին Սուրբ Էջմիածնում հայոց ցեղասպանության նահատակների հավաքական սրբադասումը վստահաբար կարևոր նախադեպ պիտի դառնա 100-ամյակի շրջականում:

Հայ դատը յուրաքանչյուր հայի ու ամբողջ հայության դատն է, մեր նահատակների դատն է, մեր ապագա սերունդներուն դատն է։ Արդ, յուրաքանչյուր հայ կոչված է իր ներդրումը կատարելու մեր իրավունքների վերատիրացման համահայկական ջանքին։

Հայոց ցեղասպանության 100-ամյակի շեմին սույն Հայրապետական Սրբատառ կոնդակով կոչ ենք անում.
— մեր թեմերին ժողովրդական լայն խավերի մասնակցությամբ, կրոնական արարողությունների, հրապարակային հանդիսությւնների և այլ ձեռնարկների ուղիներով արծածել մեր բյուրավոր նահատակների անմեռ հիշատակը ու նրանց հավերժախոս կենդանի պատգամը:

— ազգային տարբեր կազմակերպություններին հավաքական ճիգով ու միասնական ոգով ծրագրել ու արժևորել այս կարևոր դեպքը մեր ներքին կյանքում:

— մեր դպրոցներին հայ աշակերտի մարդակերտումի ու հայակերտումի աշխատանքի շրջանակում հատուկ տեղ տալ 100-ամյակի իմաստին ու պատգամին։

— մեր մտավորականներին աշխատաությունների ու դասախոսությունների միջոցով անդրադառնալ հայոց ցեղասպանության ճանաչման ու հատուցման հրամայականին։

— մեր ժողովրդի բոլոր զավակներին գործնապես մասնակից դարձնել ընդհանրապես հայ դատի աշխատանքներին ու մասնավորաբար 100-ամյակին առթիվ տեղի ունենալիք միջոցառումներին:

Թող մեր մեկուկես միլիոն նահատակների հիշատակը միշտ մնա վառ ու նրանց կտակը միշտ հնչեղ մեր անհատական և համայնական կյանքի ներսում: Քրիստոնեական հավատքով վերանորոգված և մեր նահատակների պատգամով հզորացած քայլենք առաջ` դեպի մեր ժողովրդի պայծառ ապագան:

Ողջ լերուք ի Տէր, զօրացեալք շնորհօք Ս. Հոգւոյն եւ յաւէտ օրհնեալ ի Մէնջ։ Ամէն:

ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ
ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ»:

Back to top button