Ամանորը դիմավորել եկեղեցում. քահանայի հորդորը
Հայ քաղաքացիները վերջին տարիներին փոխել են Ամանորը դիմավորելու ձեւը՝ նախկինի պես այլեւս այդքան շատ այցելություններ չեն կազմակերպում: Սա նաեւ սոցիալական խնդիր է. նկատում է Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը, բայց մյուս կողմից էլ նկատում՝ այսօր ավելի շատ մարդիկ են գերադասում Ամանորը դիմավորել եկեղեցում՝ մասնակցելով գիշերը՝ ժամը 24.00-ին անցկացվող պատարագին:
Ինչպես է ճիշտ նշել Ամանորը: Հարցին մոտեցումներն էլ, պատասխաններն էլ բազմազան են: Սա բնական է, քանի որ հեթանոսական արմատներ ունեցող այս տոնը դարերի ընթացքում փոխակերպվել է, տարաբնույթ դրսեւորումներ ստացել: Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը շեշտում է՝ հայ առաքելական եկեղեցին վերջին տարիներին Ամանորի գիշերը եկեղեցիներում մշտապես պատարագ է մատուցում: Խիստ ցանկալի է տարեմուտն ամփոփել ու տարին սկսել եկեղեցում՝ հոգեպես ավելի հարստացած: Դա կարող է ոչ թե փոխարինել, այլ նախորդել տոնական այլ միջոցառումներին: Տեր Հակոբը շեշտում է նաեւ՝ ամանորյա տոնական միջոցառումների շղթայում ոսկե օղակն ամանեւին էլ նոր տարվա գիշերը չէ, այլ Սուրբ ծնունդը:
Շեշտադրումն էլ աստիճանաբար պետք է դեկտեմբերի 31-ից տեղափոխել հունվարի 6-ի վրա:
Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը թվարկում է նոր տարվա խորհրդանիշերը, որոնք հեթանոսական ծագման են, դրանց եկեղեցին աստիճանաբար քրիստոնեական խորհուրդ է հաղորդել: Օրինակ՝ տոնածառը աստվածաշնչյան Կենաց ծառն է խորհրդանշում, Սանտա Կլաուսը կամ Ձմեռ պապը՝ Սուրբ Նիկողայոս Հայրապետի կերպարն ունեն: Կաթոլիկ աշխարհում դելտեմբերի 31-ը որպես այդպիսին նոր տարվա գիշեր չէ, եվրոպական երկրներում Սուրբ Ծննդյան արարողությունները սկսվում են հենց դեկտեմբերի 25-ին, որը հնում Արեւի պաշտամունքի օրն էր, ու շարունակվում մինչեւ հունվարի 5-ը: Մեր եկեղեցին ավանդական է ու նման խնդիր չի դրել իր առջեւ, բայց քայլ առ քայլ աստիճանաբար Ամանորին պետք է ավելի շատ հոգեւոր բաղադրիչներ ավելացվեն. շեշտում է քահանան ու նկատում ՝ վերջին տարիներին էլ մեր քաղաքացիների շրջանում որոշակիորեն փոխվել է Ամանորը դիմավորելու ձեւը:
Հայ եկեղեցին Ամանորը նշելու կոնկրետ կանոնակարգ չունի, այդ ձեւաչափը ժողովուրդն է աստիճանաբար մշակել ու զարգացնել, բայց քահանայի խորհուրդն ու հորդորն է՝ տարին սկսել աղոթքով ու ճոխ սեղանների փոխարեն՝ ավելի հարստացած հոգով: