Քաղաքական

Քաղաքական խորհրդատվություններ՝ Հայաստանի և Թուրքմենստանի ԱԳ նախարարությունների միջև

Դեկտեմբերի 24-ին Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի և Թուրքմենստանի ԱԳ նախարարությունների միջև:

Հայկական կողմից խորհրդատվությունները վարել են Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, իսկ թուրքմենական կողմից` Թուրքմենստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Վեպա Խաջիևը:

Երկուստեք բարձր է գնահատվել հայ-թուրքմենական միջպետական հարաբերությունների ներկայիս մակարդակը: Երկկողմ փոխգործակցության զարգացման համատեքստում նշվել է դեկտեմբերի 23-ին Երևանում հայ-թուրքմենական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի 6-րդ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման կարևորությունը, առևտրատնտեսական, վառելիքաէներգետիկ, առողջապահության, գյուղատնտեսության, կրթության և գիտության, սպորտի և զբոսաշրջության, ինչպես նաև մշակութային-հումանիտար բնագավառներում երկկողմ փոխշահավետ կապերի հետագա զարգացման ու խորացման անհրաժեշտությունը:

Քննարկվել են հայ-թուրքմենական իրավապայմանագրային դաշտի ընդլայնման հեռանկարները, ուղիղ ավիաչվերթի կազմակերպման հնարավորությունները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության առնչվող հարցեր:

Անդրադարձ է կատարվել միջազգային և տարածաշրջանային զարգացումներին:

Back to top button