Հասարակություն

Իրական եւ «թաքնված» գնաճն ԱՎԾ-ի տեսադաշտից դուրս է

lianaeghiazaryanaidaavetisyan

Ազգային վիճակագրական ծառայությունն ամփոփել է 2014-ի առաջին 11 ամիսներին սպառողական շուկայում գնային փոփոխությունները: Վիճակագիրները մինչեւ նոյեմբեր ամիսը բարենպաստ իրավիճակ են արձանագրել: Ինչ վերաբերում է դեկտեմբերին գների կտրուկ թռիչքին, ապա այդ առումով Ազգային վիճակագրական ծառայությունը դեռ իր տեղեկությունները չի համադրել ու ամսվա վերջին միայն կփոխանցի դրանք: Գների մասին այսօր խոսել է նաեւ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալը:  Գրիշա Բաղիյանը պատասխանել է «Ռադիոլուր»-ի հարցին, թե ինչպես է, որ հանրապետությունում կենդանական ծագման մթերքի ավելացմանը զուգահեռ նաեւ դրանց գներն են աճում:

Ազգային վիճակագրական ծառայության վերջին տվյալներն ամենեւին չեն արտացոլում մեր քաղաքացիներին այսօր խիստ մտահոգող պատկերը: Վիճծառայությունը դեկտեմբեր ամսին գրանցված գնաճը կներկայացնի դեկտեմբերի 30-ին: Իսկ առայժմ  ԱՎԾ գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանն այսօր փոխանցեց իրենց տվյալները՝ 2014 թվականի նոյեմբերին հոկտեմբեր ամսվա համեմատ արձանագրվել է 1,3 տոկոս գնաճ։ Մարտիրոսյանը մի հետաքրքիր դրվագ է շեշտում՝ նոյեմբերին կաթնամթերքի շուկայում գնային փոփոխություններ չեն եղել, սակայն ուշադիր նայելու դեպքում, նկատելի էր ոչ թե գնի փոփոխությունը, այլ քաշի նվազեցումը. «Սա թաքնված գնաճ էր, երբ կրկին մոտ 12 տոկոսով գնաճ էր արձանագրվում։ Նույնն էլ տեղի է ունենում հացի պարագայում»։

Back to top button