

Խորհրդարանն այսօր կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթից հետո ևս մեկ արտահերթ նստաշրջան կգումարի: Նախաձեռնությունը ոչ իշխանական 4 խմբակցություններինն է, նրանք առաջարկում են խորհրդարան հրավիրել ֆինանսական ոլորտի պատասխանատուներին և քննարկել ֆինանսական շուկայում ստեղծված իրավիճակը: Խորհրդարանական մեծամասնությունը կպաշտպանի նախաձեռնությունն ու կմասնակցի արտահերթին, բայց՝ առաջարկով, որ քննարկումը փակ ընթանա՝ այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նրա հիմնավորմամբ ՝ տեսախցիկների ներկայությունը չի նպաստի քննարկման արդյունավետությանը:
«Մենք գտնում ենք, որ խնդիրը պետք է քննարկվի, բայց քննարկման ֆորմատը պետք է փակ լինի: Փակ, որովհետև, այս հարցը մասնագիտական խոր վերլուծությունների կարիք ունի և սիրողական ու զգացմունքային գնահատականները տեղին չեն: Տեսախցիկների ներկայությունը կարծում եմ, այդքան արդյունավետ չի լինի»:
Ի դեպ, քննարկման փակ ռեժիմին դեմ չեն նաև նախաձեռնողները: Լավ է ունենալ փակ քննարկում, քան ընդհանրապես չանդրադառնալ հարցին ՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը:
«Ավելի լավ է լինի , փակ լինի: Կարևորը հարցը քննարկենք, հասկական, թե ոլորտի պատասխանատուները ինչ պարզաբանումներ են տալիս, ինչ քայլեր են ձեռնարկում»:




